Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկրի ԱԳՆ-ին հանձնարարել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարել իրավահավասար պայմաններով։

«Ես իմ արտաքին գործերի նախարարին (Աբաս Արաղչիին) հանձնարարել եմ՝ համապատասխան պայմանների առկայության դեպքում, սպառնալիքներից և անհիմն ակնկալիքներից զերծ վիճակում, արդար և իրավահավասար բանակցություններ վարել՝ առաջնորդվելով արժանապատվության, խոհեմության և նպատակահարմարության սկզբունքներով»,- երեքշաբթի օրը գրել է նա X սոցիալական ցանցում:

Փեզեշքիանը հավելել է, որ նման որոշում է կայացրել «հաշվի առնելով տարածաշրջանի բարեկամ երկրների խնդրանքը՝ ԱՄՆ նախագահի առաջարկին արձագանքելու համար բանակցություններ վարելու վերաբերյալ»:

«Այդ բանակցություններն ընթանալու են՝ հաշվի առնելով մեր ազգային շահերը»,- ընդգծել է Փեզեշքիանը։

Ավելի վաղ Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդի խորհրդական Ալի Շամխանին հայտարարել է, որ միջուկային հարցի շուրջ Իրանի և ԱՄՆ-ի միջև ուղիղ բանակցությունները հնարավոր են, սակայն մինչ այդ կողմերը պետք է փոխըմբռնման հասնեն անուղղակի շփումների շրջանակում։

«Դրանց նախորդելու են անուղղակի բանակցություններ։ Եթե փոխըմբռնում ձեռք բերվի և եթե այն արագ ձևավորվի, ապա իրավիճակը կարող է անցնել ուղիղ բանակցությունների»,- երեքշաբթի օրը «Al Mayadeen» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Շամխանին։

Նա հավելել է, որ բանակցությունները վերաբերելու են միայն միջուկային հարցին. սա Իրանի պայմանն է։

«Եթե բանակցությունները սկսվեն իմ նշած պայմաններին համապատասխան (...), ապա, իհարկե, ամերիկյան կողմի հետ ուղիղ և անուղղակի հանդիպումների հնարավորություն կա»,- ասել է Շամխանին՝ անդրադառնալով Թուրքիայում ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնատար անձանց հնարավոր հանդիպումներին։

Ավելի վաղ Axios պորտալը, հղում անելով տեղեկացված աղբյուրներին, հայտնել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին ուրբաթ օրը Ստամբուլում կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկեն Թեհրանի միջուկային ծրագիրը։

Իրանն ու ԱՄՆ-ն արդեն անցկացրել են բանակցությունների հինգ փուլ։ Վեցերորդ փուլը դեռևս չի կայացել, քանի որ 2025 թվականի հունիսին Իսրայելը, իսկ այնուհետև նաև ԱՄՆ-ն հարվածներ են հասցրել Իրանին։