Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտնել է, որ իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին է փոխանցել հանրապետության սահմաններից դուրս բնակվող նարկոբարոնների անուններով ցուցակը և հայտարարել համատեղ ջանքերով նրանց հետապնդելու անհրաժեշտության մասին։
«Թմրամիջոցների ապօրինի շրջանառության առաջին գծում նրանք են, ովքեր բնակվում են Դուբայում, Մադրիդում, Մայամիում։ Ես նախագահ Թրամփին եմ փոխանցել նրանց և նրանց հետ կապված անձանց անունները։ Սրանք հիմնական պարագլուխներն են։ Նրանց փողերը Կոլումբիայից դուրս են, և անհրաժեշտ է համատեղ հետապնդել նրանց՝ տարբեր երկրների հետախուզական ծառայությունների հետ համագործակցությամբ»,- ասել է նա Վաշինգտոնում ամերիկյան առաջնորդի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Պետրոյի կարծիքով՝ անդրազգային թմրամիջոցների առևտրի դեմ հաղթանակ տանելու համար առաջին հերթին անհրաժեշտ է ձերբակալել հանցավոր շղթաների պարագլուխներին, որոնց թվում կան նաև կոլումբիացիներ, սակայն նրանք մեծամասնություն չեն կազմում։
Թրամփը և Պետրոն փետրվարի 3-ին բանակցություններ են անցկացրել Սպիտակ տանը։ Հանդիպումից հետո ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ նրանք համաձայնության են եկել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում համագործակցելու վերաբերյալ։
2025 թվականի հոկտեմբերին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտնել է Կոլումբիայի նախագահի, նրա կնոջ և որդու դեմ պատժամիջոցներ սահմանելու որոշման մասին։ Թրամփն այդ ժամանակ պնդել է, որ Կոլումբիան և Մեքսիկան հայտնվել են նարկոկարտելների լիակատար վերահսկողության տակ։ Պետրոն թմրամիջոցների առևտրի դեմ ոչ բավարար պայքար մղելու վերաբերյալ մեղադրանքներն անվանում է անհիմն։





























