Գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների ներդրումների ծավալով տասնամյակներ շարունակ համաշխարհային առաջատար էր համարվում Միացյալ Նահանգները։ Սակայն այսօր Չինաստանը գնալով ավելի ակտիվորեն է մարտահրավեր նետում ձևավորված գիտատեխնոլոգիական հավասարակշռությանը։

Չինաստանի տնտեսական արագ աճի և նպատակային պետական քաղաքականության ֆոնին նրա բաժինը համաշխարհային գիտահետազոտական ծախսերում աճել է 4 %-ից (2000 թ.) մինչև 27,4 % (2024 թ.)։ Հարավային Կորեան և Հնդկաստանն էլ են մեծացնում իրենց ներկայությունը գիտահետազոտական ոլորտում, ինչն էլ նպաստում է Ասիայի առաջխաղացմանը դեպի գլոբալ նորարարությունների առաջնագիծ։

Ըստ Համաշխարհային մտավոր սեփականության կազմակերպության տվյալների, Չինաստանը 2024 թ․-ին զբաղեցրել է առաջին տեղը՝ ներդնելով 785,9 միլիարդ դոլար գիտահետազոտական և փորձարարական աշխատանքներում։

Այս մեծ ծավալը հիմնականում բացատրվում է կենտրոնացված ֆինանսավորման մոդելով․ հետազոտությունների զգալի մասը իրականացվում է պետական լաբորատորիաներում՝ համապատասխանելով ազգային առաջնահերթություններին՝ էներգետիկայի, կենսատեխնոլոգիաների և առաջատար տեխնոլոգիաների ոլորտներում։

ԱՄՆ-ն երկրորդ տեղում է՝ 781,8 միլիարդ դոլար ցուցանիշով։ Ի տարբերություն Չինաստանի, ամերիկյան համակարգը հիմնականում հենվում է մասնավոր հատվածի վրա․ Amazon-ը, Alphabet-ը և այլ ընկերություններ մտնում են աշխարհի խոշորագույն կորպորատիվ ներդրողների շարքում, տեղեկացնում է Naked Science-ը։ Ընդհանուր առմամբ Չինաստանին և ԱՄՆ-ին բաժին է ընկնում համաշխարհային ներդրումների 54,7 %-ը։

Ճապոնիան մեծ տարբերությամբ զբաղեցնում է երրորդ տեղը՝ 2024 թ․-ին ներդնելով 186 միլիարդ դոլար։ 2000 թվականից ի վեր նրա բաժինը համաշխարհային ծախսերում նվազել է 7,2 տոկոսային կետով՝ սա երկրորդ ամենամեծ անկումն է ԱՄՆ-ից հետո։ Ճապոնիայում կորպորատիվ ներդրումների առաջատարը ավանդաբար Toyota-ն է՝ Honda-ի ակտիվ մասնակցությամբ։

Եվրոպան նույնպես ներկայացված է առաջին տասնյակում երեք երկրներով․ Գերմանիա (4-րդ տեղ), Մեծ Բրիտանիա (6-րդ) և Ֆրանսիա (8-րդ)։ Սակայն նրանցից յուրաքանչյուրը 2000 թվականից ի վեր կորցրել է իր բաժինը համաշխարհային գիտահետազոտական ծախսերում։