Երեւանի նախկին քաղաքապետ, հանրապետական Գագիկ Բեգլարյանը խորհրդարանական ընտրություններում իր թեկնածությունը մեծամասնական ընտրակարգով չի առաջադրելու: Այս մասին NEWS.am-ին հայտնի է դարձել Բեգլարյանին մոտ կանգնած իր աղբյուրներից: Սա նշանակում է, որ Երեւանի կենտրոնի թիվ 10 ընտրատարածքում Գագիկ Բեգլարյանն ու ԱԺ նախկին պատգամավոր, հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը ընտրապայքարի մեջ չեն մտնի առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլը գրել էր, որ Երեւանի կենտրոնում գտնվող թիվ 10 ընտրատարածքում մտադիր են իրենց թեկնածությունն առաջադրել Երեւանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Գագիկ Բեգլարյանն ու ԱԺ պատգամավոր, հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը:
Ընդ որում, NEWS.am-ի աղբյուրը նշում է, որ Գագիկ Բեգլարյանն իր չառաջադրվելու որոշումը հիմնավորել է նրանով, որ դա իր կենսագրությանը վայել քայլ չի, քանի որ ինքը եղել է կենտրոնի թաղապետ, ապա նաեւ Երեւանի քաղաքապետ, եւ «չի սազում» որ 10 հազար ձայնի համար մրցապայքարի մեջ մտնի:
Ինչ վերաբերում է Գագիկ Բեգլարյանի` ՀՀԿ-ի համամասնական ցուցակում ընդգրկվելուն, այդ հարցում դեռ պարզություն չկա, քանի որ ՀՀԿ-ն դեռ վերջնական որոշում չի կայացրել:




























