Այս պահի դրությամբ աշխարհում գործում է ընդամենը երկու մոդուլային փոքր հզորության ռեակտոր, մեկը ՌԴ–ում, երկրորդը Չինաստանում, որը ընդամենը վերջերս հանձնվեց շահագործման։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց քաղաքագետ, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը՝ անդրադառնալով խոսակցություններին, որ հնարավոր է Հայաստանում ԱՄՆ–ի աջակցությամբ մոդուլային ատոմակայան կառուցվի։
«Այսինքն մեծ հաշվով մենք գործ ունենք էքսպերիմենտալ բնույթի ուրեմն ուղղվածության հետ և վստահ եմ, որ Հայաստանի համար սա նպատակահարմար չի մի քանի ուղղություններով։
Առաջինը, նախ դրանք փորձարկված տեխնոլոգիաներ չեն, կամ եթե փորձարկված են, ապա խիստ լոկալ պայմաններում, դրանք չեն անցել դեռևս միջազգային սերտիֆիկացում։
Երկրորդ, երբ մենք նայում ենք մոդուլային ռեակտորների զարգացման միտում ունեցող երկրներին, ապա որպես կանոն տեսնում ենք, որ դրանք հիմնականում մեծ էներգետիկ համակարգեր ունեցող երկրներն են, որոնք առավելապես դիտարկում են մոդուլային ռեակտորները որպես ռեզերվային միջոցներ։ ԽՈսքը ՌԴ–ի, ԱՄՆ–ի մասին է, որտեղ կան դժվար հասանելի բնակավայրեր կամ արդյունաբերական տնտեսական նշանակության հատվածներ, որտեղ անհրաժեշտ է նման մոդուլային լուծումներ տալ։ Հնդկաստանում վերջերս սկսել են խոսել այս ուղղության մասին։ Հայաստանը չունի ռեզերվային կայան ունենալու խնդիրը, քանի որ մենք չունենք դժվար հասանելի ինչ-որ տարածքներ։
Երրորդ, երբ մենք հրաժարվում ենք ավանդական միջուկային էներգետիկայից հօգուտ փոքր մոդուլային կայանների, ապա մենք կորցնում ենք նաև հնարավորություն էլեկտրաէներգիա արտահանելու։ Հայաստանը կարող է վերածվել էլեկտրաէներգիա ներկրող երկրի»,–ասաց նա։
Հիշեցնելով, որ վերջերս ՀՀ կառավարության կողմից հայտարարություն արվեց, որ առաջիկայում աշխատանքներ են սկսվելու Հայաստանի և Ադրբեջանի էլեկտրաէներգետիկ համակարգերի միացման ուղղությամբ, Դավթյանն ասաց. «Եթե դու չունես մեծ հզորության օբյեկտներ, դրան զուգահեռ տեսնում ես, թե ինչպես է Ադրբեջանը դինամիկորեն այդ հզորությունները զարգացնում, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Հայաստանի էլեկտրաէներգետիկ շուկան 22 թվականի փետրվարից ազատականացված է, մեծ հզորության ավանդական ատոմակայանի բացակայությունը, որը ապահովում է կայուն գեներացում, Հայաստանը այդ պայմաններում այո, կարող է վերածվել նաև ներկրողի, և սա իմ կարծիքով լրջագույն ռազմավարական ռիսկ է։
Սա ևս մեկ փաստարկ հօգուտ այն մոտեցման, որ մոդուլային կայանը, եթե անգամ Հայաստանում կյանքի կոչվի, դա պետք է լինի բացառապես որպես էքսպերիմենտալ բնույթի ինչ-որ մի նախագիծ։ Մեծ հզորությունների փոխարինումը մոդուլային հզորություններով, իհարկե, Հայաստանի համար խիստ խնդրահարույց է և տնտեսական և գեոտնտեսական առումով։
Հայաստանը այս սցենարի իրականացման պարագայում կարող է կորցնել այն բարձր կարգավիճակը, որը մենք դեռևս պահպանում ենք որպես երկիր, որը զարգացնում է խաղաղ ատոմ։ Սա բավական լուրջ ռազմավարական կարգավիճակ է, որը Հայաստանը ունի որպես տարածաշրջանի միակ երկիր, որը ունի ատոմակայան։
Այն պայմաններում, երբ մեր շուրջը Թուրքիայում, Իրանում, Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում դինամիկորեն զարգանում է ավանդական միջուկային էներգետիկան, երբ Ադրբեջանը արդեն որոշակի դեռևս հետազոտական աշխատանքներ է սկսել իր տարածքում ատոմակայանի կառուցման ուղղությամբ, հրաժարվել մեր մեծ ատոմակայանից, դրա փոխարեն կառուցելով մոդուլային կայան, որը էքսպերիմենտալ է և ունի փոքր հզորություն, բնականաբար ռիսկոգեն է»,– հայտարարեց փորձագետը։
Հարցին՝ կա՞ վտանգ, որ ևս 10 տարի շահագործման ժամկետը երկարաձգելուց հետո Մեծամորի ԱԷԿ–ը կփակվի, Վահե Դավթյանն պատասխանեց. «Մեծամորի ատոմակայանի երկրորդ բլոկը ունի բոլոր շանսերը շահագործվելու ընդհուպ մինչև 2036 թվական։ Վերջին տարիներին բավականին ծավալուն մոդեռնիզացիոն աշխատանքներ են իրականացվել։
10 տարին միջուկային էներգետիկայի զարգացման հեռանկարում այդքան էլ մեծ ժամանակաշրջան չէ։ Սա նշանակում է, որ արդեն այսօր, իսկ եթե ավելի անկեղծ լինենք, երեկ արդեն պետք էր որոշում կայացնել հստակ նոր ատոմակայանի կառուցման մասին։ Իշխանությունները ասում են՝ ունենք ռազմավարական որոշում մոդուլային կայան կառուցելու վերաբերյալ, բայց այս ուղղությամբ դեռևս որևէ հստակ քայլեր չեն արվում։
Թեև նշվում է հինգ երկիր, հիմնական մրցակցությունը հայկական խաղաղ ատոմի շուրջ ընթանում է երկու գերտերությունների՝ ԱՄՆ–ի և ՌԴ–ի միջև։
Պաշտոնական Երևանը այսօր փորձում է ինչ-որ չափով գուցե հասկանալ, թե ինչ դինամիկա են ստանալու ռուս-ամերիկյան հարաբերությունները առաջիկայում և ինչպես են բաշխվելու կամ վերաբաշխվելու ազդեցության գոտիները Հարավային Կովկասում ըստ այդմ կայացնելու համապատասխան որոշում բլոկի կառուցման վերաբերյալ»։
Զուգահեռ անցկացնելով ԱՄՆ–ի և ՌԴ–ի միջև, Վահե Դավթյանը նկատեց, որ ԱՄՆ–ում 1979–ից ի վեր նոր ատոմակայան չի կառուցվել, բացի այդ, ի տարբերություն Ռուսաստանի, որը արդեն ունի մոդուլային ռեակտոր շահագործման մեջ գտնվող, ԱՄՆ–ում կառուցվող առաջին մոդուլային ռեակտորը շահագործման է հանձնվելի միայն 2031 թվականին. «Սա ևս վկայում է այն մասին, որ ընտրությունն ի օգուտ ամերիկյան մոդելի, որը դեռևս չունի տեխնիկատնտեսական հստակ չափում, ևս ինչ-որ առումով տնտեսական արկածախնդրության արգասիք է»։
Նա նաև նկատեց, որ Հայաստանում ատոմային էներգետիկայի ոլորտում կադրային և գիտական դպրոցները համընկնում են ռուսականի հետ, և եթե ՀՀ–ն որոշի ամերիկյան մոդելի ռեակտոր կառուցել, ապա բնականաբար է, դա կտևի ոչ թե 10 տարի, այլ շատ ավելի երկար, որովհետև կպահանջվի նաև համապատասխան կադրային համակարգի ձևավորում։





























