Goldman Sachs-ի գլխավոր խորհրդական Քեթի Ռյումլերը հրաժարական կտա՝ մանկապղծության մեջ դատապարտված ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի հետ իր կապերի բացահայտումներից հետո: Այս մասին հաղորդել է բրիտանական Financial Times (FT) թերթը։
Ռյումլերը FT-ին ասել է, որ հունիսի 30-ին կհեռանա Ուոլ Սթրիթից: Թերթի տվյալներով՝ նա հրաժարական տալու որոշում է կայացրել այն բանից հետո, երբ ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից Էփշթեյնի գործով հրապարակված փաստաթղթերը ցույց են տվել, որ Ռյումլերը կապ է պահպանել նրա հետ 2014-2019թթ., նույնիսկ այն բանից հետո, երբ ֆինանսիստը մեղավոր է ճանաչվել մանկապղծության մեջ։
2026թ․ հունվարի 30-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունն ավարտել է Էփշթեյնի գործից ավելի քան 3 միլիոն էջ փաստաթղթերի, ինչպես նաեւ ավելի քան 2 000 տեսանյութերի եւ 180 հազար լուսանկարների հրապարակումը: Դրանք ներառում են թագավորական ընտանիքների անդամների, ականավոր պետական պաշտոնյաների, գործարարների, դիվանագետների եւ տարբեր երկրների գիտնականների տասնյակ անուններ: Էփշթեյնի ծանոթների թվում են ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնը եւ ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը: Էփշթեյնի ամբողջական գործի հրապարակումը պահանջվում էր 2025թ․ նոյեմբերին Կոնգրեսի ընդունած եւ Թրամփի ստորագրած օրենքով։ ԱՄՆ-ում Էփշթեյնի դեմ քրեական հետապնդումը դադարեցվել է 2019թ․ օգոստոսին բանտախցում նրա ինքնասպանությունից հետո։





























