Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի 35 շենքի նկուղներից մեկը ամբողջությամբ լցված է կեղտաջրերով՝ վերածվելով հակասանիտարական և վտանգավոր տարածքի, հաղորդում է Shamshyan.com–ը։
Մոտ 70 քառակուսի մետր տարածք ընդգրկող նկուղը, որը նախկինում ունեցել է բիզնես նշանակություն և օգտագործվել է տնտեսական գործունեության համար, այսօր լիովին անպիտան է դարձել։ Տարածք մուտք գործելը գրեթե անհնար է․ կեղտաջրերը լցվել են ամբողջ մակերեսով, այնտեղից տարածվում է ուժեղ գարշահոտ, իսկ խոնավությունը վնասում է շենքի հիմքերը։
Բնակիչների խոսքով՝ ստեղծված իրավիճակը ոչ միայն խաթարում է բնականոն կենցաղը, այլ նաև կարող է վտանգել շենքի կառուցվածքային անվտանգությունը։ Կեղտաջրերով լցված նկուղը կարող է հանգեցնել շենքի հիմքերի թուլացման, պատերի ճաքերի առաջացման և առողջապահական խնդիրների՝ հատկապես երեխաների ու տարեցների համար։
Տեղացիները հույս են հայտնում, որ պատասխանատու կառույցները վերջապես կարձագանքեն ահազանգին և կձեռնարկեն անհապաղ միջոցներ՝ խնդրի վերջնական լուծման համար, քանի դեռ այն չի վերածվել անդառնալի հետևանքների պատճառի։



























