Բրիտանական բանկերի ղեկավարները նախատեսել են առաջին հանդիպումը՝ Visa-ին և Mastercard-ին փոխարինող ազգային այլընտրանք ստեղծելու համար: Սա տեղի է ունենում այն մտահոգությունների ֆոնին, թե ԱՄՆ-ն կարող է անջատել ամերիկյան վճարային համակարգերը, գրում է The Guardian-ը։
Հանդիպումը, որը կնախագահի Barclays UK-ի գլխավոր գործադիր տնօրեն Վիմ Մարուն, տեղի կունենա փետրվարի 19-ին։
Ազգային վճարային համակարգ ստեղծելու նախաձեռնությունը, որը ֆինանսավորվում է լոնդոնյան ֆինանսական հատվածի ներդրողների խմբի կողմից և ստանում է կառավարության աջակցությունը, քննարկվել է տարիներ շարունակ։ Սակայն Գրենլանդիայի հարցով Թրամփի վերջին սպառնալիքները՝ ուղղված ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, ուժգնացրել են այն մտավախությունները, որ ամերիկյան ընկերություններից չափազանց մեծ կախվածությունը կարող է ամբողջությամբ հարվածի տակ դնել Մեծ Բրիտանիայի վճարումներն ու տնտեսությունը, նշում է պարբերականը։
«Եթե Mastercard-ն ու Visa-ն անջատվեն, դա մեզ հետ կշպրտի դեպի 1950-ական թվականներ։ Մեզ միանշանակ անհրաժեշտ է ինքնիշխան վճարային համակարգ», — նշել է նախագծին ծանոթ ղեկավարներից մեկը։ The Guardian-ը նկատում է, որ թեև բրիտանացի պաշտոնյաները շեշտում են պահուստային համակարգի անհրաժեշտությունը, սակայն խուսափում են ուղղակի հայտարարություններից, թե իրենց մտավախությունների աղբյուրը հենց ԱՄՆ-ի կողմից հնչող սպառնալիքներն են։
Նախատեսվում է, որ նոր ազգային վճարային համակարգը շահագործման կհանձնվի մինչև 2030 թվականը։
Հատկանշական է, որ Mastercard-ն ու Visa-ն իրենք են մասնակցում այս նախաձեռնությանը և ընդգրկված են ներդրողների խմբում՝ այնպիսի բանկերի կողքին, ինչպիսիք են Santander UK-ը, NatWest-ը, Nationwide-ը, Lloyds Banking Group-ը, ինչպես նաև բանկոմատների ցանցի օպերատոր Link-ը և Coventry շինարարական ընկերությունը (Building Society)։ Ամերիկյան վճարային համակարգերի ներկայացուցիչները հայտարարել են բրիտանական շուկային իրենց հավատարմության մասին և ողջունել մրցակցության հայտնվելը։





























