84 տարեկան հասակում մահացել է Ջեսի Ջեքսոնը՝ քարոզիչ, քաղաքական ակտիվիստ և 20-րդ դարի երկրորդ կեսի ԱՄՆ-ի ամենաազդեցիկ սևամորթ առաջնորդներից մեկը։ Նա Մարտին Լյութեր Քինգի համախոհն է եղել և 1968 թվականին Քինգի սպանությունից հետո նրան հաջորդել է որպես սևամորթների քաղաքացիական իրավունքների շարժման փաստացի առաջնորդ:
Ջեքսոնը երբեք պետական պաշտոններ չի զբաղեցրել, բացառությամբ Կոլումբիայի շրջանի «ստվերային սենատորի» (1991–1997), այսինքն՝ ԱՄՆ Սենատում մայրաքաղաքային շրջանի ներկայացուցչի և չի ունեցել ձայնի իրավունք։ 1984 և 1988 թվականներին նա Դեմոկրատական կուսակցությունից առաջադրվել է որպես նախագահի թեկնածու և դարձել առաջին սևամորթը, ով միլիոնավոր ձայներ է ստացել նախնական ընտրությունների ժամանակ։
Ջեսի Ջեքսոնը համարվել է ամենաազդեցիկ սևամորթ ամերիկացի քաղաքական գործիչը՝ Մարտին Լյութեր Քինգի սպանության և 2008 թվականին Բարաք Օբամայի նախագահ ընտրվելու միջև ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև ամերիկյան քաղաքականության «ձախ թևի» առաջնորդներից մեկը։ Նա առաջադիմական շարժման առանցքային դեմքն է եղել՝ կազմակերպությունների մի կոալիցիայի, որը պաշտպանում էր տարբեր փոքրամասնությունների, ինչպես նաև աղքատների իրավունքներն ու շահերը։
Ջեքսոնը խրախուսում էր դրական խտրականությունները՝ մարգինալացված փոքրամասնություններին (հիմնականում ռասայական պատկանելության հիման վրա) քվոտաների միջոցով կրթության և աշխատանքի ընդունման նպատակային հնարավորությունը՝ պատմական անարդարությունները շտկելու համար: Նա նաև համարվում է «աֆրոամերիկացի» տերմինի հիմնական քարոզիչը և առաջարկել է «նեգր» տերմինի փոխարեն օգտագործել այդ բառը, որն ի թիվս այլոց օգտագործել է նաև Քինգը։
Վերջին տարիներին Ջեքսոնը ծանր հիվանդ է եղել։ 2017 թվականին նա հայտնել է, որ ունի Պարկինսոնի հիվանդություն։ 2025 թվականի նոյեմբերին նրան հոսպիտալացրել էին հարաճուն վերկորիզային կաթվածով՝ հազվադեպ հանդիպող նյարդադեգեներատիվ հիվանդությամբ, որն իր ախտանիշներով կարող է հիշեցնել պարկինսոնիզմ, որի ժամանակ մարդը կորցնում է հավասարակշռությունը, առաջանում է մկանների կաշկանդվածություն, խանգարվում է խոսքը և զարգանում է դեմենցիա։




























