Հետաքննող լրագրող Ալիքան Ուլուդաղը, որը գերմանական հանրային հեռարձակող Deutsche Welle (DW) հեռուստառադիոընկերության հետաքննող լրագրող է, ձերբակալվել է Անկարայում «կեղծ» տեղեկատվություն տարածելու համար, հաղորդել է Deutsche Welle-ն։

Ստամբուլի գլխավոր դատախազությունը փետրվարի 19-ին, հինգշաբթի, ուշ երեկոյան հայտնել է, որ ձերբակալել է Ալիքան Ուլուդաղին եւ քրեական հետաքննություն է սկսել նրա՝ սոցցանցերում արած մի քանի գրառումների հիման վրա։ Ձերբակալությանը մասնակցել է երեսուն ոստիկան։ Իրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկել են լրագրողի բնակարանը եւ առգրավել նրա համակարգչային սարքավորումները։ Նա պետք է ներկայանա դատարան ուրբաթ օրը։

Ուլուդաղը մի քանի տարի համագործակցել է DW-ի հետ Թուրքիայում։

Ինչպես տեղեկացրել են ընկերությունում, թուրքական իշխանությունները նրան մեղադրում են կեղծ տեղեկատվություն տարածելու եւ թուրք ազգի նախագահին, պետությանը եւ ինստիտուտներին վիրավորելու մեջ։

Մեղադրանքները վերաբերում են մոտ մեկուկես տարի առաջ X-ում լրագրողի  կատարած հրապարակմանը։ Այնտեղ նա քննադատում է թուրքական կառավարության ձեռնարկած միջոցները, որոնք հանգեցրել են «Իսլամական պետության» հնարավոր ահաբեկիչների ազատ արձակմանը, ինչպես նաեւ մեղադրում է կառավարությանը կոռուպցիայի մեջ։

DW-ն պնդում է, որ այդ մեղադրանքներն անհիմն են, եւ կոչ է անում ազատ արձակել թղթակցին։

«Ալիքան Ուլուդաղը հայտնի հետաքննող լրագրող է, որը մասնագիտանում է կոռուպցիայի մասին լուսաբանումների մեջ։ Սա նրան վտանգավոր է դարձնում կառավարության համար՝ ըստ նրանց։ Լրագրողին որպես լուրջ հանցագործի վերաբերվելը, նրան 30 ոստիկաններով ձերբակալելը եւ անմիջապես Ստամբուլ տեղափոխելը վախեցնելու դիտավորյալ գործողություն է եւ ցույց է տալիս, թե որքան խիստ է կառավարությունը ճնշում մամուլի ազատությունը»,- հայտարարության մեջ ասել է DW գլխավոր տնօրեն Բարբարա Մասինգը։

Հեռուստառադիոընկերությունը սերտ կապի մեջ է Ուլուդաղի հարազատների, տեղի փաստաբանների եւ Թուրքիայի իշխանության համապատասխան այլ մարմինների հետ։