Երեւանում մեծ թվով փոսերի առաջացումը պայմանավորված է առատ տեղումներով եւ ճանապարհի մաքրման համար մեծ քանակությամբ աղի ու ավազի օգտագործմամբ։ Այս մասին փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Երեւանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը։
Նրա խոսքով՝ փոսերը նորոգվել են 10 հազար քառակուսի մետր տարածքի վրա։
«Այս տարի 2,5 անգամ ավելի շատ աղ եւ ավազ է օգտագործվել, քան նախորդ տարիներին։ Սա պայմանավորված է այս տարի հանրապետությունում տեղացած աննախադեպ տեղումների քանակով։ 2024թ․ օգտագործվել է 5 000 տոննա աղ եւ ավազ, իսկ 2025թ․՝ 12 000 տոննա»,- նշել է Փամբուխչյանը։
Նա հիշեցրել է, որ անցյալ տարի փոսերը նորոգվել են Վաղարշյան եւ Էրեբունի փողոցներում, ինչպես նաեւ Գայի պողոտայում։ Սակայն, բացառությամբ մեկ հատվածի, պաշտոնյայի խոսքով, այդ հատվածներում ճանապարհի ծածկույթի հետ կապված խնդիրներ չկան։





























