Sea-Doo RXP-X մոդելը ստացել է RS 325 ինդեքսը՝ ի պատիվ թարմացումների մեծ փաթեթի։ Այն նախկինում էլ համարվում էր աշխարհի ամենաարագընթաց ջրային մոտոցիկլետը, իսկ այժմ հավակնում է ամենաէքստրեմալի կարգավիճակին։ Սա հանգիստ վարելու համար չէ, այլ ստեղծված է ջրային մրցավազքերի և ռեկորդներ սահմանելու համար։
Sea-Doo RXP-X-ը ստացել է նոր՝ 1,6 լիտրանոց Rotax շարժիչ՝ 325 ձիաուժ հզորությամբ, որը մեծ արագությամբ վարելիս կարող է բավականին արագ սպառել 70 լիտրանոց բաքը։ Սակայն ջրային մոտոցիկլետն ինքն է հետևում վառելիքի ծախսին և հիշեցնում լիցքավորման անհրաժեշտության մասին։ Ըստ Техкульт-ի, համակարգը տեղեկատվությունը ցուցադրում է նոր՝ 10,25 դյույմանոց սենսորային էկրանին, որը նույնպես ամենամեծերից մեկն է այս տեսակի տեխնիկայի համար։ Էկրանին երևում են արագությունը, շարժիչի պտույտները, վառելիքի մակարդակը, վարման ռեժիմները, նախազգուշացումները և այլ տվյալներ։
Արգելակման և հետընթացի խելացի համակարգն ապահովում է հավելյալ վերահսկողություն մանևրների ժամանակ, ինչպես նաև հնարավորություն է տալիս ընտրել վարման տարբեր ռեժիմներ։ Հիդրավլիկ դեմպֆերը մեղմում է ղեկի վտանգավոր շրջադարձերը։ Կարգավորվող հետևի սպոնսոններն աշխատում են որպես կայունացնող լողակներ՝ շրջադարձերի ժամանակ ջրի հետ կառչածությունն ապահովելու համար։ Ցռուկը կարելի է բարձրացնել կամ իջեցնել՝ արագությունը մեծացնելու կամ ուղիղ ընթացքի ժամանակ վերահսկողությունը բարելավելու համար։ Նեղ նստատեղը և ոտքերի խորը հենակները երաշխավորում են վարորդի կայունությունը կտրուկ շրջադարձերի ժամանակ։
Sea-Doo RXP-X RS 325-ի արժեքը սկսվում է 20 099 դոլարից և կախված է լրացուցիչ հնարավորությունների լայն ցանկից։