Փետրվարի 20-ին «Ժողովրդավարական համակեցության մասին» համաներման օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Վենեսուելայում ազատ է արձակվել 177 կալանավոր։ Այս մասին Venezolana de Television հեռուստաալիքի եթերում հայտնել է Համաներման օրենքի կատարման վերահսկողության հատուկ հանձնաժողովի նախագահ Խորխե Արեասան։

«Այսօր մենք կարող ենք ասել, որ [համաներման] օրենքի շնորհիվ ազատ է արձակվել 177 կալանավոր, իսկ 2021 անձի վրայից ամբողջությամբ հանվել են իրավական սահմանափակումները», - հայտարարել է Արեասան։ Նա նաև նշել է, որ 2025 թվականի դեկտեմբերին և 2026 թվականի հունվարին ազատ է արձակվել ավելի քան 800 կալանավոր։

Հունվարի վերջին Վենեսուելայի լիազորված նախագահ Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է ազգային հաշտեցման և խաղաղության խթանմանն ուղղված ընդհանուր համաներման նախաձեռնության մասին: Օրենքը տարածվում է 1999 թվականի հունվարի 1-ից մինչև այսօր ընկած ժամանակահատվածի վրա: Մարդկության դեմ ծանր հանցագործությունների, մարդու իրավունքների խախտումների, կանխամտածված սպանության, կոռուպցիայի և թմրանյութերի ապօրինի շրջանառության համար դատապարտված անձինք չեն կարող օգտվել համաներման իրավունքից: