Հոկեյի ԱՄՆ-ի կանանց հավաքականը, որը ոսկե մեդալ է նվաճել Իտալիայի օլիմպիական խաղերում, հայտարարել է, որ չի այցելի Սպիտակ տուն՝ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով, հայտնում է NBC News-ը։
Փետրվարի 24-ին Թրամփը հանդես կգա ազգին ուղղված ավանդական ուղերձով։ Նա Սպիտակ տուն է հրավիրել ԱՄՆ-ի տղամարդկանց հոկեյի թիմին, որը ևս օլիմպիական ոսկի է նվաճել։ Հոկեյիստների հետ հեռախոսազրույցի ժամանակ Թրամփն ասել է. «Մենք ստիպված կլինենք հրավիրել նաև կանանց թիմին, դուք հասկանում եք չէ»։ Դրանից հետո նա կատակել է, թե իրեն իմպիչմենտի կենթարկեին, եթե չհրավիրեր կանանց հավաքականին։
ԱՄՆ-ի կանանց հավաքականի հայտարարության մեջ նշվում է, որ թիմը «անկեղծորեն երախտապարտ է» հրավերի համար և «խորապես գնահատում է» իրենց ակնառու ձեռքբերումների ճանաչումը։
«Ժամկետների, ինչպես նաև Խաղերից հետո նախապես պլանավորված ուսումնական և մասնագիտական պարտավորությունների պատճառով՝ մարզուհիները չեն կարողանա մասնակցել միջոցառմանը», - ասված է հայտարարության մեջ։
Associated Press-ի տեղեկություններով՝ հոկեյիստուհիները հրավերի մասին իմացել են միայն փետրվարի 22-ի ուշ երեկոյան, ինչի պատճառով նրանց համար դժվար է եղել փոխել իրենց պլանները:
Հոկեյի ԱՄՆ-ի կանանց հավաքականը Իտալիայի Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ է նվաճել՝ եզրափակչում ավելացված ժամանակում (օվերթայմ) 2:1 հաշվով հաղթելով Կանադայի թիմին: ԱՄՆ-ի տղամարդկանց հավաքականը եզրափակչում նույնպես հաղթել է Կանադայի թիմին՝ դարձյալ օվերթայմում և նույն հաշվով:





























