2026 թվականի փետրվարի 25-ի գիշերը Թուրքիայի Բալըքեսիրի շրջանում ռազմական ինքնաթիռ է կործանվել։ Դեպքը տեղի է ունեցել 9-րդ ավիաբազայի հրամանատարությանը պատկանող F-16-ը վայր է ընկել ծառայողական թռիչքի կատարման ժամանակ, հայտնում է թուրքական Yeni Akit պարբերականը:
Թուրքական լրատվամիջոցի տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես ժամը 00:50-ին, երբ ինքնաթիռը ծառայողական առաջադրանք էր իրականացնում։ Դրանից կարճ ժամանակ անց օդանավի հետ կապը կորել է, իսկ ավելի ուշ փրկարարները դրա բեկորները հայտնաբերել են մայրուղուց ոչ հեռու՝ Քարայ շրջանի տարածքում՝ Իզմիր-Ստամբուլ ավտոճանապարհի մոտակայքում:
Օդաչուն՝ ավիացիայի մայոր Իբրահիմ Բոլաթը, կործանման հետևանքով զոհվել է: Թուրքական իշխանությունները հաստատել են նրա մահվան մասին տեղեկությունը:
Դեպքի վայր են ուղարկվել բազմաթիվ փրկարարական ջոկատներ, այդ թվում՝ հրշեջ ծառայություններ, բուժաշխատողներ, ինչպես նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչներ: Ինքնաթիռի անկման պատճառով ավտոմայրուղու մերձակա հատվածում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է:
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ վթարի պատճառը դեռևս անհայտ է. այն կորոշվի ավիացիոն պատահարների հետաքննության հանձնաժողովի կողմից իրականացվելիք մանրակրկիտ տեխնիկական ստուգումից հետո:
Հաղորդվում է նաև, որ Բալըքեսիրի դատախազությունը միջադեպի փաստով պաշտոնական հետաքննություն է սկսել և դեպքի վայրում աշխատում են քննչական մարմինների ներկայացուցիչները:




























