Ղազախստանի Ակմոլայի մարզի Շուչինսկ քաղաքի սրճարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է յոթ մարդ, այդ թվում՝ 16-ամյա մի աղջիկ, հաղորդել է «Sputnik Казахстан»-ը։

«Փրկարարների տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել հինգհարկանի շենքին կից սրճարանում, որին հաջորդել է հրդեհը։ Հրդեհը մարվել է, փլատակները մաքրվում են։ Հրշեջներն այրվող շենքից դուրս են բերել ութ գազի բալոն»,- նշվել է հայտարարության մեջ։

Տեղի իշխանությունների տվյալներով՝ վիրավորվել է 26 մարդ։ Յոթը մահացել է, այդ թվում՝ 16-ամյա մի աղջիկ։ Տասներեք մարդ տեղափոխվել է շրջանային հիվանդանոց, որոնցից հինգընավելի ուշ շտապօգնության մեքենայով տեղափոխվել են Կոկշետաուի հիվանդանոց։ Եվս վեց մարդ դուրս է գրվել՝ ամբուլատոր հսկողության համար։

Արտակարգ իրավիճակների մարզային վարչության տվյալներով՝ Բուրաբայի շրջանի Շուչինսկ քաղաքի հինգհարկանի բնակելի շենքին կից միահարկ սրճարանում տեղի է ունեցել գազաօդային խառնուրդի պայթյուն, որին հաջորդել է հրդեհը։ Հրշեջները այրվող շենքից դուրս են բերել 8 գազի բալոն եւ փրկել ավելի քան 10 մարդու։