Թեեւ Հայ առաքելական եկեղեցին որպես սիրահարների բարեխոս ընդունում եւ նշում է Սուրբ Սարգսի տոնը, բայց այսօր հայ հասարակության զգալի հատվածը նշում է նաեւ Սուրբ Վալենտինի օրը: Այդ են վկայում փողոցներում, բուհերում, ծաղկի եւ նվերների խանութներում նկատվող աշխուժությունը: Ավելին, այս օրը հենց այն տոներից է, երբ գնաճ է արձանագրվում օրվա հետ կապված «հատուկ նշանակության» իրերի վաճառքում, ինչպես օրինակ` ծաղիկների, սրտիկ խաղալիքների դեպքում: Թեեւ Երեւանի ծաղկի սրահներից NEWS.am-ին վստահեցնում են, որ այսօր իրենց մոտ գնաճ չի արձանագրվել, սակայն անցորդները այլ բան են պնդում:

Այսպես` «Տիկ-Տակ» ծաղկի սրահից NEWS.am-ին հայտնեցին, որ Սուրբ Վալենտինի կապակցությամբ, ինչպես նաեւ մյուս տոներին, իրենց մոտ ծաղիկները չեն թանկանում, կայուն գներ են: Օրինակ` այսօր այս ծաղկի սրահում մեկ վարդը 1000-2000 դրամ է, իսկ հաճախորդները տղամարդիկ են, ովքեր գնում են մեկական կարմիր վարդ, կամ կոմպոզիցիաներ, փնջեր: Իսկ «Պասիֆլորա» ծաղկի խանութի տնօրենը Գարիկը NEWS.am-ի թղթակցին վստահեցրեց, որ վերջին երեք շաբաթվա ընթացքում գները նույնն են մնացել, ավելին` մշտական հաճախորդների համար զեղչեր են անում: Մեկական վարդը այստեղ 300-2000 դրամ է, իսկ փնջերը սկսվում են 2000 դրամից: Նրա փոխանցմամբ` այսօրվա գնորդները հիմնականում տղամարդիկ են, ովքեր սիրելիների համար ընտրում են ամենատարբեր ծաղիկներ: Այսօր շատ էին նաեւ էլեկտրոնային պատվերները, պատրաստել են նաեւ պսակներ. «Մատակարարները գները բարձրացնում են, բայց մենք չենք բարձրացնում: Եթե մարտի 8-ին մատակարարները շատ բարձրացնեն գները` կապված մաքսայինի հետ, ստիպված կլինենք մենք էլ բարձրացնել»,- ասաց Գարիկը: Մեկ այլ` «Բրաբիոն ֆլորա» սերվիսից NEWS.am-ին հայտնեցին, որ իրենց մոտ ծաղիկների գինը նույնն է, Սուրբ Վալենտինի տոնի կապակցությամբ գնաճ չի գրանցվել: Մեկ հոլանադական վարդի գինը սկսվում է 1800 դրամից եւ հասնում մինչեւ 4800 դրամ: Նրանց փոխանցմամբ` տոների կապակցությամբ իրենց մոտ գները չեն բարձրանում, որպեսզի չկորցնեն հաճախորդներին: Այսօրվա հաճախորդները հիմնականում տղամարդիկ են, երիտասարդները գնում էին մեկ վարդ, իսկ միջին տարիք տղամարդիկ` մեծ վարդեր, փնջեր, շոկոլադներ:

Մինչդեռ քաղաքացիները այլ բան են պնդում: 25 -ամյա Համլետը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ եթե սովորական օրերին 9 վարդը գնում էր 8 հազար դրամով, ապա այսօր գնել է 15 հազար դրամով: «Ծաղիկները այսօր թանկ են բոլոր տեղերում, անցումներում, ծաղիկ խանութներում, սրահներում, ամենուր շատ թանկ էր, դեռ մարտի 8-ին ավելի կթանկանա: Վաճառողները պատճառաբանում են, որ տոն օրերին իրենք էլ ծաղիկները թանկ վերցնում, ավելին վաճառողներից մեկն ասաց, որ տարվա մեջ էս քանի օրն են փող աշխատում, ոնց չթանկացնեն»,- ասաց Համլետը: Մեկ այլ երիտասարդ`  Տիգրանը նշեց, որ  նույն ծաղիկը Կայարանում 1000 դրամ էր, իսկ  Թումանյան փողոցում` 2000 դրամ: Նա եւս արձանագրեց, որ տոն օրերին ծաղիկները գները բարձրանում են: Իսկ 29-ամյա Հայկը պատմեց, որ ինքը ամբողջ օրը քաղաքով ման է եկել, բայց քանի որ ծաղիկների գները կրկնակի բարձրացել էին, որոշեց սիրելիին ծաղիկ չնվիրել, այլ հետաքրքիր բան: «Զավեշտն այն է, որ նույնիսկ այս օրերին գերեզմանոցներում են ծաղիկները թանկանում, ու եթե հարցնում ես` ինչի են թանկացել, պատասխանում են, որ այսօր տոն է, Վալենտին, Մարտի 8 եւ այլն, նույնիսկ վշտի տեր մարդկանց վրա են փող աշխատում»,- ասաց երիտասարդը:

Նշենք, որ փետրվարի 14-ին աշխարհի շատ երկրներում տոնվում է Սուրբ Վալենտինի` Սիրահարների օրը:  Այս տոնը նշող սիրահարները իրենց սիրելիներին նվիրում են կոնֆետներ եւ հատուկ սրտաձեւ բացիկներ՝ բանաստեղծություններով: Սուրբ Վալենտինը քրիստոնյա էր, որին Հռոմի կայսր Կլավդիոս 2-րդը հրամայել էր սպանել իր դավանանքի ու ուսմունքի պատճառով: Նա մահապատժի ենթարկվեց փետրվարի 14-ին:  Հայ եկեղեցու հայրերը չեն ընդունում այս տոնը եւ որպես  սիրահարների բարեխոսը ընդունում է Սուրբ Սարգսին:

Պատրաստեց`  Ինգա Մարտինյանը