Մենք փոխգործակցում ենք հարևան եղբայրական երկրների գործընկերների հետ՝ պարզաբանելու համար, որ Իրանը բացառապես իրականացնում է ինքնապաշտպանության իր իրավունքը՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան, NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։

Արտգործնախարարը հարցազրույցից մի հատված հրապարակել է X սոցիալական ցանցում։

«Իրանը ձեռքերը ծալած չի նստի, երբ ԱՄՆ-ն հարձակվում է մեր ժողովրդի վրա։ Ցավում ենք, որ թիրախները գտնվում են բարեկամ պետություններում»,- նշել է նա։

Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածել է Իրանին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է Իրանի դեմ ռազմական գործողություն սկսելու մասին։ Թիրախավորվել են Իրանի արևմուտքում գտնվող ռազմական օբյեկտները, երկրի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի նստավայրը, ինչպես նաև Մինաբ քաղաքի տարրական դպրոցը։

Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ ռազմաբազաներին։