Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի օրոք ստեղծված և հաստատված ռազմական հրամանատարության կառուցվածքը ներկայումս ակտիվորեն և օպերատիվ կերպով կատարում է նախկինում արձակված հրահանգները, հայտարարել է հանգուցյալ Խամենեիի խորհրդական Մոհամմադ Մոխբերը, հաղորդում է Mehr-ը։
«Իրանի զինված ուժերը գտնվում են պատասխան գործողությունների համար օպերատիվ պատրաստվածության ամենաբարձր մակարդակի վրա»,- ասել է Մոխբերը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել Թեհրանին ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով Իրանի գերագույն առաջնորդի զոհվելու մասին։
Իրանը նաև հաստատել է ԻՀՊԿ (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս) ցամաքային ուժերի հրամանատար Մոհամմադ Փաքփուրի, Իրանի պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի, Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Սեյեդ Աբդոլռահիմ Մուսավիի և Իրանի պաշտպանության ու զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման նախարար Ամիր Նասիրզադեի զոհվելու փաստը:
Միևնույն ժամանակ, Իսրայելը պնդում է, որ սպանել է իրանցի 40 բարձրաստիճան հրամանատարների։