Հայաստանի արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացիայի փուլում է, Հայաստանը որդեգրել է արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման ռազմավարությունը, ինչը երկրի ինքնիշխան որոշումն է, և պաշտոնական Թեհրանը հարգում է այդ որոշումը։ Այս մասին՝ այսօր՝ մարտի 2–ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։
Դեսպանը միաժամանակ ընդգծեց, որ հայ-իրանական առկա խոր համագործակցությունն ու դարավոր հարաբերությունները պարտավորեցնում են՝ անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի արտաքին քաղաքականություն է վարում Հայաստանը, Իրանի հետ տարբեր ոլորտներում առկա փոխգործակցությունը շարունակվի։
«Մենք վստահ ենք, որ թե՛ ռազմական, թե՛ տնտեսական, թե՛ ինքնության առումով ուժեղ Հայաստանի գոյությունն այս տարածաշրջանում օգնում է ապահովել նաև Իրանի ազգային երազանքները, ձգտումներն ու նպատակները։
Երկու երկրների տնտեսական հարաբերությունների հարցով կարող եմ ասել, որ այս պահին ամեն ինչ սահուն կերպով առաջ է գնում, դեռևս որևէ մարտահրավեր չենք ունեցել։ Հենց այսօր Կապանում Իրանի գլխավոր հիպատոսը, ով գտնվում էր սահմանին, մեզ հավաստիացրեց, որ բեռնատարների, ինչպես նաև ապրանքների շարժը բնականոն կերպով տեղի է ունենում։ Իրանի ընկերությունները նաև ներգրավված են Հայաստանի կարևոր ենթակառուցվածքային մի շարք պրոյեկտներում, և մենք հուսով ենք, որ այս պատերազմի հետևանքով այն համագործակցային շրջանակները, որոնք մենք ունենք Հայաստանի հետ, որևէ վնաս չկրեն»,– ընդգծեռց դեսպանը։





























