Իրանի դեմ ԱՄՆ-ի ձեռնարկած գործողությունները կասկածի տակ են դրել բանակցությունների արժեքը որպես գործիք։ Դրա մասին այսօր՝ մարտի 2-ին, հայտարարել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Եվգենի Պրիմակովը՝ «Իրանում տեղի ունեցած իրադարձությունները և միջազգային իրավունքի խաթարումը» կլոր սեղանի ժամանակ։
Պրիմակովը կտրականապես համաձայն չէր այն մտքի հետ, ըստ որի ԱՄՆ-ն ու Իսրայելը «կանխարգելիչ հարված են հասցրել»։ Ըստ նրա՝ այդ գործողություններում «կանխարգելիչ» ոչինչ չկար. բանակցություններ էին ընթանում, իրանական կողմն առաջարկել էր ուրանի հարստացումը երկրից դուրս տեղափոխելու տարբերակներ, և քննարկվել էին չտարածման երաշխիքները։ Սակայն բանակցություններն ավարտվել են ռազմական գործողությամբ այն պետության դեմ, որը միջազգային հանրության և ՄԱԿ-ի անդամ է։
«Դա կասկածի տակ է դնում բանակցությունների որպես գործիքի արժեքը։ Եթե բանակցային գործընթացը կարող է ցանկացած պահի ընդհատվել ռազմական ուժով, ապա հարց է առաջանում. ի՞նչ արժեք ունեն միջնորդների երաշխիքները։ Դա անխուսափելիորեն ազդում է այլ ուղղությունների վրա, ներառյալ՝ Ուկրաինայի, որտեղ ԱՄՆ-ն հանդես է գալիս որպես միջնորդ»,- նշել է նա։
Պրիմակովը շարունակել է, նշելով, որ Ռուսաստանի մանևրելու տարբերակներն այս իրավիճակում սահմանափակ են։ «Իրանի հետ կա ռազմավարական գործընկերության համաձայնագիր, սակայն այն չի նախատեսում ավտոմատ ռազմական դաշինք,- նշել է նա։ -Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն Ուկրաինային մատակարարում է զենք, ներառյալ՝ ՀՕՊ համակարգեր և հարձակողական զենքեր։ Հետևաբար, միջազգային հարաբերությունների տրամաբանության տեսանկյունից, Ռուսաստանն իրավունք ունի պաշտպանական համակարգեր մատակարարել Իրանին։ «Թե որքանով է դա գործնականում իրագործելի՝ հաշվի առնելով նման մատակարարումների ոչնչացման ռիսկերը, այլ հարց է», - եզրափակել է Պրիմակովը։





























