ԱՄՆ զինված ուժերը Իրանի դեմ ընթացող գործողություններում առաջին անգամ օգտագործեցին նոր Precision Strike Missile (PrSM) կարճ հեռահարության բալիստիկ հրթիռները։ Դա, հավանաբար, PrSM-ի առաջին մարտական արձակումն է, որը շահագործման է հանձնվել մոտ երկու տարի առաջ, գրդում է TWZ-ն։
Այդ հրթիռների մարտական դեբյուտը ցույց է տալիս դրանց զգալիորեն ավելի մեծ հեռահարությունը՝ իրենց նախորդների՝ բանակային մարտավարական հրթիռային համակարգի (ATACMS) համեմատ, ինչպես նաև դրանց ընդլայնված հնարավորությունները՝ խոցելու այն թիրախները, որոնք այժմ կարող են թիրախավորել ԱՄՆ ուժերը։
Ավելի վաղ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հրապարակել էր լուսանկարների տեսամոնտաժ, որը փաստագրում է «Epic Fury» գործողության առաջին 24 ժամերը։ Սոցիալական ցանցերում տեղադրված պատկերների շարքում կա մի կադր, որտեղ հստակ երևում է PrSM հրթիռի արձակումը անվավոր M142 բարձր շարժունակության հրետանային հրթիռային համակարգից (HIMARS)։
Որոշ կադրեր, ըստ ամենայնի, ցույց են տալիս և՛ PrSM-ի, և՛ ATACMS-ի արձակումը։
PrSM-ն ունի զգալիորեն ավելի մեծ հեռահարություն, քան ATACMS-ը։ PrSM-ի (Increment 1) բազային համակարգը կարող է խոցել թիրախներ մոտավորապես 500 կմ հեռավորության վրա: ԱՄՆ բանակը նպատակ ունի մեծացնել դրա հեռահարությունը մինչև մոտավորապես 650 կմ: Մշակվում է նաև առնվազն 1000 կմ կամ ավելի հեռահարությամբ տարբերակ: Համեմատության համար, ATACMS-ի ամենաերկար տարբերակն ունի մոտավորապես 300 կմ հեռահարություն։
PrSM-ի կամ ATACMS-ի արձակման վայրերը Իրանի վրա հարվածների ժամանակ դեռևս անհայտ են: Ընդսմին, PrSM-ի կրկնապատկված հեռահարությունը զգալիորեն մեծացնում է այն թիրախների քանակը, որոնք կարող են խոցվել տարածաշրջանի ցանկացած վայրից: Դա հնարավորություն է տալիս խոցել ավելի շատ թիրախներ, որտեղ հատկապես ցայտուն են բալիստիկ հրթիռների առավելությունները: Բալիստիկ հրթիռները թռչում են մեծ արագությամբ, հատկապես իրենց հետագծի վերջնական փուլում, ինչը դրանք դարձնում է հատկապես արդյունավետ արագ արձագանք պահանջող թիրախների դեմ, ինչպիսիք են իրանական արձակման և հակաօդային պաշտպանության կայանքները՝ հակամարտության այս փուլում հարվածների հիմնական թիրախները:
Բարձր արագությունը լրացուցիչ մարտահրավերներ է ստեղծում հակառակորդի համար, որը փորձում է որսալ հրթիռը, այլ տեսակի հրթիռների, դրանց թվում՝ ենթաձայնային թևավոր հրթիռների համեմատ: Բացի դրանից, բարձր արագությունը բալիստիկ հրթիռներին հնարովորություն է տալիս ավելի խոր թափանցել Իրանում տարածված ամրացված թիրախների մեջ։
PrSM-ի օգտագործումը մարտական գործողություններում նաև ուղերձ է հղում Միացյալ Նահանգների այլ պոտենցիալ հակառակորդներին։ PrSM-ի հեռահարությունը հատկապես կարևոր է Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում հնարավոր բարձր մակարդակի հակամարտությունների դեպքում, որտեղ ցամաքային արձակման հնարավորությունները սահմանափակ են։





























