ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ որոշել է հարվածել Իրանին, քանի որ սա երկրի կասկածելի միջուկային ծրագիրը կանգնեցնելու «վերջին և լավագույն հնարավորությունն» էր։

«Սա մեր վերջին և լավագույն հնարավորությունն էր հարվածելու, ինչն էլ մենք անում ենք հիմա, և վերացնելու այս հիվանդ և չար ռեժիմի անտանելի սպառնալիքները, - ասել է Թրամփը Սպիտակ տանը- Ռեժիմն արդեն ուներ հրթիռներ, որոնք կարող էին հարվածել Եվրոպային և մեր բազաներին՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին, և շուտով կունենա հրթիռներ, որոնք կարող են հասնել մեր չքնաղ Ամերիկային»,- վստահեցրել է նա։

Նախագահը հայտնել է նաև, որ ԱՄՆ հարձակումը Իրանի վրա ընթանում է ըստ ծրագրի՝ ժամանակացույցից առաջ ընկնելով, բայց զգուշացրել է, որ պատերազմը կարող է տևել «շատ ավելի երկար», քան իր նախնական՝ մեկ ամիս գնահատականը։ «Մենք արդեն զգալիորեն առաջ ենք մեր ժամանակացույցից,- ասել է Թրամփը Սպիտակ տանը՝ հավելելով,- Մենք սկզբում պլանավորել էինք չորսից հինգ շաբաթ, բայց ավելի երկար գործելու հնարավորություն ունենք։ Եվ մենք կանենք դա։ Ինչքան էլ որ ժամանակ պահանջվի, նորմալ է։ Ինչ էլ որ պահանջվի, մենք պատրաստ ենք»,- ընդգծել է նա։

«Նախ, մենք ոչնչացնում ենք Իրանի հրթիռային հնարավորությունները, և դուք դա տեսնում եք ամեն ժամ, ինչպես նաև նրանց կարողությունը՝ արտադրելու նոր, բավականին բարձրորակ հրթիռներ,- ասել է Թրամփը,- Երկրորդ, մենք ոչնչացնում ենք նրանց նավատորմը: արդեն շարքից դուրս ենք բերել 10 նավ: Երրորդ, մենք ապահովում ենք, որ աշխարհի ամենամեծ ահաբեկչության հովանավորը երբեք չկարողանա ձեռք բերել միջուկային զենք: Եվ վերջապես, մենք ապահովում ենք, որ իրանական ռեժիմն իր սահմաններից դուրս չկարողանա շարունակել զինել, ֆինանսավորել և վերահսկել ահաբեկչական բանակները»: