Իսրայելի պաշտպանության ուժերը (ԻՊՈւ) հրատապ նախազգուշացում են հրապարակել Թեհրանի արդյունաբերական գոտում և Քարաջ օդանավակայանում գտնվող իրանցիների համար՝ նախատեսված ավիահարվածներից առաջ, հաղորդում է Times of Israel-ը։
«Հրատապ նախազգուշացում Թեհրանի Հակիմիե արդյունաբերական գոտում և Քարաջի Փայամ օդանավակայանում գտնվող բոլոր անձանց։ Առաջիկա ժամերին ԻՊՈւ-ն կգործի այս տարածքում, ինչպես վերջին օրերին գործել է ամբողջ Թեհրանում, Իրանի ռեժիմի ռազմական ենթակառուցվածքները թիրախավորելու համար», - պարսկերենով հայտարարության մեջ ասել է ԻՊՈւ-ի խոսնակ, փոխգնդապետ Քամալ Փենհասին։
«Ձեր անվտանգության և բարեկեցության համար մենք խնդրում ենք ձեզ անհապաղ լքել նշված տարածքը՝ համաձայն քարտեզի», - հավելել է նա։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ։ Հարվածները ուղղված էին Իրանի մայրաքաղաք Թեհրանին և երկրի խոշորագույն քաղաքներին։ Հարվածներից անմիջապես հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց լայնածավալ պատասխան գործողության մասին։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Իրանը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի և Բահրեյնի, Հորդանանի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի ամերիկյան ռազմական բազաների վրա։
Իսրայելա-ամերիկյան հարձակման հետևանքով զոհվել է նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Մարտի 2-ին «Հեզբոլլահը» նույնպես մտավ Իսրայելի դեմ պատերազմի մեջ։ Իսրայելը հայտարարեց շարժման դեմ հարձակման մեկնարկի մասին։





























