Արաբական Միացյալ Էմիրությունները քննարկում է երկրի դեմ իրանական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածները կանխելու ռազմական գործողությունների հնարավորությունը, գրում է Axios-ը՝ հղում անելով երկու տեղեկացված աղբյուրների:
Իրանի դեմ Արաբական Միացյալ Էմիրությունների հարվածն աննախադեպ կլինի: Այն փաստը, որ այդ առաջարկը քննարկվում է, արտացոլում է Պարսից ծոցի երկրների շրջանում քաղաքացիական ենթակառուցվածքների և նավթագազային օբյեկտների վրա Իրանի հարձակումներին առնչվող հսկայական զայրույթը:
Արաբական Միացյալ Էմիրությունները պատերազմի սկսվելուց ի վեր Իրանի կողմից ամենաշատ հարձակման ենթարկված երկիրն է եղել՝ նույնիսկ ավելի շատ, քան Իսրայելը:
«Արաբական Միացյալ Էմիրությունները քննարկում է Իրանի դեմ ակտիվ պաշտպանական միջոցներ ձեռնարկելու հարցը: Թեև երկիրը չի մասնակցել պատերազմին, այն դեռևս դիմացել է 800 արկի»,- հայտնել է ԱՄԷ-ում քաղաքական քննարկումներին ծանոթ աղբյուրը:
«Արաբական Միացյալ Էմիրություններում կարծում են, որ աշխարհի ոչ մի երկիր չի բաց թողնի իր պաշտպանական դիրքը գնահատելու հնարավորությունը նման հանգամանքներում»,- հավելել է աղբյուրը:
Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարությունը երեքշաբթի հայտարարել է, որ Իրանը ԱՄԷ-ի վրա արձակել է 186 բալիստիկ հրթիռ՝ 172-ը խափանվել է, 13-ն՝ ընկել է ծովը, իսկ մեկը՝ ԱՄԷ-ում: Հայտնաբերվել է ևս 812 անօդաչու թռչող սարք, որոնցից 755-ը խափանվել է, իսկ 57-ը՝ խոցվել ԱՄԷ-ի տարածքում: Երեք օտարերկրաքացի զոհվել է, մոտ 70-ը՝ վիրավորվել։
«ԱՄԷ-ն իրեն իրավունք է վերապահում արձագանքել այդ սրացմանը և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր տարածքը, քաղաքացիներին և բնակիչներին պաշտպանելու համար»,- հայտարարել է Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարությունը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ։ Հարվածներն ուղղված էին Իրանի մայրաքաղաք Թեհրանին և երկրի խոշորագույն քաղաքներին։ Հարվածներից անմիջապես հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց լայնածավալ պատասխան գործողության մասին։ Ըստ տեղեկությունների՝ Իրանը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի և Բահրեյնի, Հորդանանի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի ամերիկյան ռազմաբազաների վրա։
Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման հետևանքով սպանվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Մարտի 2-ին «Հըզբոլլահը» ևս մտավ Իսրայելի դեմ պատերազմի մեջ։ Իսրայելը հայտարարեց շարժման դեմ հարձակման մեկնարկի մասին։





























