ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունն աշխատում է զինել քրդական ուժերին՝ Իրանում ժողովրդական ապստամբություն հրահրելու համար, CNN-ին հայտնել են ծրագրին ծանոթ բազմաթիվ աղբյուրներ։

Ըստ աղբյուրների՝ Թրամփի վարչակազմն ակտիվորեն բանակցություններ է վարում իրանական ընդդիմադիր խմբերի և Իրաքի քրդական առաջնորդների հետ՝ ռազմական աջակցության համար։

Իրանի քրդական զինված խմբավորումները հազարավոր մարտիկներ ունեն, որոնք գործում են Իրան-Իրաք սահմանի երկայնքով, հիմնականում՝ Իրաքյան Քրդստանում։ Պատերազմի սկզբից ի վեր մի քանի նման խմբավորումներ հրապարակային հայտարարություններ են արել՝ ակնարկելով անխուսափելի գործողությունների մասին և իրանական զորքերին կոչ անելով անցնել իրենց կողմը։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) թիրախավորել է քրդական խմբավորումները և երեքշաբթի օրը հայտարարել է, որ տասնյակ անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել քրդական ուժերին։ ԿՀՎ-ի աջակցությունն իրանական քրդական խմբավորումներին սկսվել է պատերազմից մի քանի ամիս առաջ, հաղորդել է աղբյուրներից մեկը և Իրաքյան Քրդստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյան։

Միաժամանակ երեքշաբթի նախագահ Դոնալդ Թրամփն, ըստ իրանցի քրդական բարձրաստիճան պաշտոնյայի, զրուցել է Իրանի Քրդական դեմոկրատական ​​կուսակցության (KDPI) նախագահ Մուստաֆա Հիջրիի հետ։ KDPI-ն ԻՀՊԿ-ի թիրախավորված խմբերից մեկն էր։

Նույն պաշտոնյան CNN-ին հայտնել է, որ Իրանի քրդական ընդդիմադիր ուժերն առաջիկա օրերին կմասնակցեն արևմտյան Իրանում ցամաքային գործողության։

«Կարծում ենք՝ հիմա հիանալի պատեհություն ունենք»,- ասել է աղբյուրը՝ պարզաբանելով ժամկետների ընտրությունը։ Նա հավելել է, որ աշխարհազորայիններն ապավինում են ԱՄՆ-ի և Իսրայելի աջակցությանը։

Ըստ երկու ամերիկացի պաշտոնյաների և բանակցություններին ծանոթ մեկ այլ աղբյուրի՝ Թրամփը կիրակի օրը նաև հեռախոսազրույցներ է ունեցել Իրաքի քրդերի առաջնորդների հետ՝ քննարկելով Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունը և ԱՄՆ-ի և քրդերի հնարավոր համագործակցությունը։ Դրա մասին ավելի վաղ հաղորդել էր Axios-ը։

Իրանի քրդական խմբավորումներին զինելու ցանկացած փորձ կպահանջի Իրաքի քրդերի աջակցությունը՝ զենքի տարանցման և Իրաքի Քրդստանի տարածքը որպես ցատկահարթակ օգտագործելու համար։

«Դա շատ վտանգավոր է, բայց ի՞նչ կարող ենք անել։ Մենք չենք կարող դիմակայել Ամերիկային,- ասել է Իրաքի Քրդստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյան։ -Մենք շատ վախեցած ենք»։

Քննարկումների մասնակիցներից մեկն ասել է, որ գաղափարն այն է, որ քրդական զինված ուժերը ներգրավվեն Իրանի անվտանգության ուժերին և կապել են նրանց, նման կերպ հեշտացնելով խոշոր քաղաքներ անզեն իրանցիների մուտքին՝ առանց զանգվածային դատաստանների վտանգի, ինչպես տեղի ունեցավ հունվարյան անկարգությունների ժամանակ։

Մեկ այլ ամերիկացի պաշտոնյա նշել է, որ քրդերը կարող են օգնել տարածաշրջանում քաոս սերմանել և թուլացնել Իրանի ռեժիմի ռազմական ռեսուրսները: Քննարկվել է նաև այն գաղափարը, թե արդյոք քրդերը կարող են գրավել և պահել Հյուսիսային Իրանի տարածքը՝ այդպիսով բուֆերային գոտի ստեղծելով Իսրայելի համար։

Չորեքշաբթի Իրաքի ազգային անվտանգության խորհրդական Քասիմ ալ-Արաջին հայտարարել է, որ Իրաքը թույլ չի տա խմբավորումներին «ներթափանցել կամ հատել Իրանի սահմանը՝ Իրաքի տարածքից ահաբեկչական հարձակումներ իրականացնելու համար»։

«Քրդական տարածաշրջանային ներքին գործերի նախարարությունը լրացուցիչ փեշմերգա («մահի երեսին նայողներ». Իրաքյան Քրդիստանի քրդական զինյալ խմբավորումների ամբողջական անվանումը -խմբ.) անվտանգության ուժեր է տեղակայել Իրանի հետ սահմանային գոտում»,- հավելել է նա։

ԿՀՎ-ն հրաժարվել է մեկնաբանել այս հոդվածը։

Պատասխանելով քրդերին ԱՄՆ-ի աջակցության մասին հարցին՝ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը չորեքշաբթի լրագրողներին ասել է, որ «մեր նպատակներից ոչ մեկը հիմնված չէ որևէ կոնկրետ ուժի զինելու վրա: Մենք տեղյակ ենք, թե ինչ կարող են անել այլ կազմակերպությունները, սակայն մեր նպատակները դրա վրա կենտրոնացած չեն»։

CNN-ի ազգային անվտանգության հարցերով վերլուծաբան և Օբամայի վարչակազմի օրոք Պենտագոնի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Ալեքս Փլիթսասը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «ակնհայտորեն փորձում է վերսկսել» Իրանում ռեժիմի տապալման գործընթացը՝ զինելով քրդերին՝ ԱՄՆ-ի վաղեմի տարածաշրջանային դաշնակիցներին։

«Իրանական ժողովուրդը հիմնականում անզեն է, և եթե անվտանգության ծառայությունները չփլուզվեն, նրանց համար դժվար կլինի ռեժիմի փոփոխության հասնել առանց արտաքին զենքի,- CNN-ին ասել է Փլիթսասը։ -Ըտս իս, ԱՄՆ-ը հույս ունի, որ դա կոգեշնչի Իրանի ներսում ուրիշներին նույն կերպ վարվել»։

Ջո Բայդենի վարչակազմի օրոք Մերձավոր Արևելքի հարցերով Պետքարտուղարության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Ջեն Գավիտոն մտահոգություն է հայտնել, որ քրդերին զինելու հետևանքները, հնարավոր է, բավարար չափով չեն հաշվի առնվել։

«Մենք արդեն գործ ունենք սահմանի երկու կողմերում անվտանգության անկայուն իրավիճակի հետ,- CNN-ին ասել է նա։ -Դա կարող է խաթարել Իրաքի ինքնիշխանությունը և իրականում լիազորել զինված կազմավորումներին՝ առանց պատասխանատվության և հետևանքների նվազագույն ըմբռնմամբ»։

Վերջին օրերին իսրայելական զինվորականները թիրախավորել են Իրաքի հետ սահմանի երկայնքով գտնվող իրանական ռազմական և ոստիկանական կառույցները՝ մասամբ ճանապարհ հարթելով զինված քրդական ուժերի հնարավոր առաջխաղացման համար դեպի Իրանի հյուսիս-արևմուտք, հաղորդոմ է աղբյուրներից մեկը։ Իսրայելական աղբյուրը նշել է, որ այդ հարվածների ինտենսիվությունը, հավանաբար, առաջիկա օրերին կաճի։

Այնուամենայնիվ, ինչպես նշում են աղբյուրները, քրդական ցամաքային ուժերին ԱՄՆ-ի և Իսրայելի տրամադրած ցանկացած աջակցություն, որոնք նախատեսված են Իրանի ռեժիմը տապալելու համար, պետք է լինի լայնածավալ: ԱՄՆ հետախուզությունը գնահատում է, որ Իրանի քրդերը ներկայում չունեն ազդեցություն և ռեսուրսներ՝ կառավարության դեմ հաջողությամբ ապստամբություն կազմակերպելու համար: Բացի դրանից, Իրանի քրդական կուսակցությունները սպասում են Թրամփի վարչակազմի քաղաքական երաշխիքներին՝ դիմադրությանը միանալուց առաջ:

Քրդական ընդդիմադիր խմբերը ևս մասնատված են՝ լարվածության պատմությամբ, տարբեր գաղափարախոսություններով և մրցակցող շահերով: Քննարկումներին մասնակցող Թրամփի վարչակազմի որոշ պաշտոնյաներ կասկածի տակ են դնում այս խմբերի դրդապատճառները:

Պաշտոնյաները կասկածի տակ են դնում՝ արդյոք այս դինամիկան կարո՞ղ է խաթարել ԱՄՆ-ի և քրդերի համագործակցությունը՝ հաշվի առնելով նման ներգրավվածության համար անհրաժեշտ բարձր վստահությունը:

«Պրոքսի ուժին համոզել պայքարելու ԱՄՆ շահերի համար կարող է այնքան էլ հեշտ չլինել,- ասել է Թրամփի վարչակազմի մի պաշտոնյա: -Այդ խմբերը նախևառաջ մտածում են սեփական շահերի մասին, և հարցն այն է՝ արդյոք նրանց ներգրավվածությունը համապատասխանո՞ւմ է այդ շահերին»:

Քրդերի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների երկար պատմությունը

Քրդերն ազգային փոքրամասնություն են՝ առանց սեփական պետության: Այսօր կան մոտավորապես 25-30 միլիոն քուրդ, որոնց մեծ մասն ապրում է Թուրքիայի, Իրաքի, Իրանի, Սիրիայի և Հայաստանի որոշ մասեր ընդգրկող տարածքում: Քրդերի մեծ մասը սուննի են, սակայն քրդական բնակչությունը մշակութային, սոցիալական, կրոնական և քաղաքական առումով բազմազան է, ինչպես նաև բարբառների բազմազանությամբ։

Թրամփի վարչակազմի շատ պաշտոնյաներ անձնական մակարդակով զգուշացրել են քրդական ուժերի անցյալում ԱՄՆ համագործակցությունից առաջացած հիասթափության և ամերիկացիների կողմից «լքված» լինելու հաճախակի բողոքների մասին։

Իրաքի Քուրդիստանի շրջանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ խնդրի մի մասը քաղաքականության անհետևողականությունն է. «Մի օր Թրամփն ասում է, որ մենք տապալելու ենք ռեժիմը, իսկ հաջորդ օրը այլ բան է ասում: Քաղաքականությունն անհասկանալի է»։

«Կասկած չկա, որ քուրդ ժողովուրդը ճնշող մեծամասնությամբ դեմ է Իրանի Իսլամական Հանրապետության ռեժիմին,- ասել է նա: -Նրանք այն համարում են բռնաճնշող և անկայունացնող և կողջունեն ԱՄՆ-ի իրական աջակցությունը՝ դրա կործանարար ազդեցությունը դադարեցնելու համար: Սակայն նրանք նաև վախենում են, որ իրենց կրկին կլքեն»։

«Մտավախություն կա, որ եթե ապստամբությունը ձախողվի, և ԱՄՆ-ը նահանջի, դա կամրապնդի քրդերի դավաճանության նարատիվը,- հավելում է Փլիթսասը: ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Ջիմ Մեթիսը հրաժարական տվեց, մասամբ Թրամփի՝ իր առաջին ժամկետի ընթացքում Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու որոշման պատճառով, որը նա քուրդ դաշնակիցների անընդունելի դավաճանություն էր համարում։

ԿՀՎ-ն իրաքյան քրդական խմբավորումների հետ համագործակցության երկար և բարդ պատմություն ունի, որը սկիզբ է առնում տասնամյակներ շարունակ ԱՄՆ-ի գլխավորած Իրաքյան պատերազմից: Ըստ երկու աղբյուրների՝ գործակալությունը ներկայում շահագործում է Իրաքյան Քրդստանում գտնվող մի օբյեկտ՝ Իրանի հետ սահմանի մոտ: Միացյալ Նահանգները նաև հյուպատոսություն ունի Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում, որտեղ տեղակայված են ամերիկյան և կոալիցիոն զորքերը՝ «Իսլամական պետության» դեմ արշավի շրջանակում:

Որոշ քրդեր հույս ունեին, որ Միացյալ Նահանգների հետ համագործակցության դիմաց Իրաքյան Քրդստանի կիսաինքնավար շրջանը անկախություն կստանա, սակայն դա այդպես էլ տեղի չի ունեցել:

Վերջին տարիներին Միացյալ Նահանգները նաև մեծապես ապավինել է քրդական ուժերին Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարում, այդ թվում՝ պահպանելով «Իսլամական պետության» հազարավոր կալանավորների Սիրիայի հյուսիսում գտնվող ժամանակավոր ճամբարներում:

Սակայն այս տարվա սկզբին, ԱՄՆ-ի հետ դաշնակից նոր սիրիական կառավարությունը արագ ռազմական գործողություն սկսեց՝ երկրի հյուսիսում վերահսկողություն հաստատելու համար, ներառյալ «Իսլամական պետության» դեմ հարվածները և քրդական «Սիրիական դեմոկրատական ​​ուժերի» տեղահանումը: Այդ արշավի ընթացքում, ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո, քրդական ուժերը տարհանվեցին և դադարեցին պահպանել «Իսլամական պետության» զինյալներին պահող բանտերը: Հունվարին Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Թոմ Բարաքը հայտարարեց, որ ԱՄՆ- Սիրիական դեմոկրատական ուժերի դաշինքի նպատակը «մեծ հաշվով սպառվել է»: