Այն գործընթացները, որոնք այսօր ծավալվում են Մերձավոր արևելքում, իրենց ուղիղ ազդեցություն են ունենալու և արդեն ունեն միջազգային էներգետիկ համակարգի վրա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էնեգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը։

«Սկսենք նավթային շուկայից, որն այս պահի դրությամբ բավականին ճգնաժամային միտումներ է դրսևորում։ Այսօր արդեն նավթի գինը մոտենում է 83 դոլարի. վերջին 4-5 տարվա ընթացքում ամենաբարձր ցուցանիշն էր, և սա վկայում է այն մասին, եթե այս միտումը շարունակվի, իսկ բոլոր վերլուծությունները ցույց են տալիս որ այս միտումը շարունակական բնույթ է ունենալու, ապա դինամիկայի պահպանման պարագայում 1 շաբաթվա ընթացքում կարող է հասնել մինչև 100 դոլարի։ Այն իր հերթին կարող է հանգեցնել արդեն որոշ գործընթացների, որոնք կբերեն տնտեսական ռեցեսիայի հատկապես այն տարածաշրջաններում, որոնք կախված են Մերձավոր արևելքից»,- ասաց նա և հավելեց, որ խոսքը ոչ միայն արևմուտքի մասին է, այլ նաև ասիական տնտեսությունների. այսինքն՝ և՛ Չինաստանի, և՛ Հնդկաստանի, և՛ Ճապոնիայի, և՛ Հարավային Կորեայի։

Նրա խոսքով՝ եթե հարցը գազային և գազատրանսպորտային հաղորդակցությունների տեսանկյունից դիտարկվի, ապա միտումները առավել քան բացասական են. «Երեկվա դրությամբ Եվրոպայում արդեն գազի գինը հասել էր 700 դոլարի, ինչը ևս բավականին ճգնաժամային ցուցանիշ է, և հաշվի առնելով Եվրոպայում ընթացող ապա ինդուստրիալիզացման գործընթացները, սա էլ ավելի մեծ հարված է հասնելու եվրոպական տնտեսությանը, սրա մասին արդեն եվրոպացի որոշ դիվանագետներ և վերլուծաբաններ բաց խոսում են»։

Դավե Դավթյանը նշեց, որ այս ամենի հիմքում ընկած են մի քանի պատճառներ., առաջինը և գլխավորը Հորմուզի նեղուցի պարալիզացումն է, որով անցնում է համաշխարհային նավթի պահանջարկի շուրջ 20 տոկոսն ու հեղուկ գազի մոտ 30-35 տոկոսը. «Այստեղ առանցքային խաղացող է հատկապես գազատրանսպորտային ոլորտում հանդիսանում Կատարը, որը աշխարհում զիջում է միայն Ամերիկայի Միացյալ Նահանգներին հեղուկացված գազի արտադրության և արտահանման ծավալներով, գիտենք որ երկու օր առաջ որոշում կայացրեց դադարեցնել հեղուկացված գազի արտադրությունը իրանական դրոնների այդ անօդաչու թռչող սարքերի հարվածներից հետո. սա ստեղծում է որոշակի խնդիր համաշխարհային շուկայում, և, իհարկե, տրամաբանական է, որ հանգեցնում է կտրուկ գնաճի»։

Նա ընդգծեց, որ Եվրոպան չունի հեղուկացված գազի արտադրություն, հետևաբար պետք է փնտրի նոր ուղիներ գազի ներկրման, և ստեղծված իրավիճակից փորձում է օգտվել Միացյալ Նահանգները. «Նրանք հեղուկացված գազի առանցքային խաղացողներն են միջազգային շուկայում, և ամենևին էլ պատահական չէ, որ այս օրերին մենք տեսնում ենք, թե ինչպես են ամերիկյան գազային ընկերությունները, օգտվելով ստեղծված կոնյունկտուրայից, շատ դինամիկորեն և արագորեն, անգամ կրկնակի գին վճարելով հատուկ այդ լցանավերի գազի տեղափոխման համար եթե ժամանակին վճարում էին 100,000 օրինակ դոլար մեկ նավի համար, այժմ վճարում են 200,000 դոլար և մի բաներ ավել, միայն թե եվրոպական շուկայում արագ դիրքավորում ապահովելու համար։ Սա ամբողջությամբ տեղավորվում է Միացյալ Նահանգների էներգետիկ քաղաքականության մեջ, որի հիմքերը մենք պետք է փնտրենք Դոնալդ Թրամփի առաջին նախագահության տարիների ընթացքում հայտարարված Միացյալ Նահանգների էներգետիկ դոմինանտության ոսկե դարաշրջանի կոնցեպտի մեջ, համաձայն որի Միացյալ Նահանգները պետք է դինամիկորեն, մասնավորապես, հեղուկացված գազ, ինչպես նաև նավթ արտահանել դեպի արտաքին շուկաներ և դիրքավորվել որպես առանցքային խաղացող։ Քանի որ Ռուսաստանի հետ առկա է քաղաքական բավականին լուրջ, առճակատում, պետք է սահմանվեն որոշ անուղղակի ճանապարհներ, և այստեղ է, որ ի հայտ է գալիս թուրքական գործոնը։ Պատահական չէ, որ երեկ առավոտյան Մոսկվան Անկարային պաշտոնապես նախազգուշացրեց երկու առանցքային գազամուղերի, մասնավորապես թուրքական հոսքի և երկնագույն հոսքերի նկատմամբ պատրաստվող դիվերսիայի մասին։ Ստեղծված իրավիճակում, եթե էապես կրճատվում է գազի մատակարարումը Իրանից դեպի Թուրքիա, իսկ Իրանը դեպի Թուրքիա տարեկան արտահանում է 7-8 միլիարդ խորանարդ մետր բնական գազ Թավրիզ-Անկարա գազամուղով, ապա, Թուրքիան կարող է ավելացնել այդ երկու վերոնշյալ գազամուղերով, որ որոնք ռուսական նախագծեր են, որոնք անցնում են Սև ծովի հատակով, ավելացնել Ռուսաստանից բնական գազի ներկրումը և վերարտահանել եվրոպական շուկա»։

Դավթյանի խոսքով՝ գազատրանսպորտային հակամարտության շրջանակներում Ռուսաստանը տեսնում է որոշակի ռիսկեր այդ ենթակառուցվածքների համար՝ դիտարկելով դրանք որպես հնարավոր ռազմական կամ այսպես դիվերսիոն թիրախներ։

Իսկ Չինաստանը, Դավթյանն ասաց, որ ներկրվող նավթի շուրջ 10-13 տոկոսն ապահովում է հենց իրանական ուղղությամբ. «Իրանի համար չինական ուղղությունը առանցքային է և Իրանից արտահանվող նավթի շուրջ 80 տոկոսը գնում է դեպի Չինաստան։ Այստեղ կարճաժամկետ կտրվածքով Չինաստանը չունի որևէ լուրջ ռիսկեր, հաշվի առնելով այն հսկայական ռեզերվուարները, որոնք տարիներ շարունակ Չինաստանը ձևավորել է և գազի պահուստարաները և նավթի պահուստարաները

 

Եթե այս միտումները շարունակվում են, ապա Իրանից մատակարարումների դադարեցումը դեպի Չինաստան ստեղծում է նույն Միացյալ Նահանգների համար որոշակի զսպման մեխանիզմներ Չինաստանի նկատմամբ, որը հանդիսանում է Միացյալ Նահանգների համար մեկ գեոտնտեսական, առնվազն առևտրային մրցակիցը, այնպես որ Միացյալ Նահանգները, ստեղծելով այս բավականին բարդ էսկալացիոն իրավիճակը Մերձավոր արևելքում, միաժամանակ լուծում են մի քանի գեոտնտեսական խնդիր»։

Վահե Դավթյանն այս գործընթացները կապեց նաև Վենեսուելայի  շուրջ մեկ ամիս առաջ տեղի ունեցած զարգացումների հետ. «Փաստացի տնօրինելով Վենեսուելական նավթային պաշարում իսկ Վենեսուելան աշխարհի համար մեկ երկիրն է ապացուցված նավթի պաշարներով, Միացյալ Նահանգները փորձում է հանդես գալ որպես համաշխարհային նավթային քաղաքականության ամենակարևոր ճարտարապետ, իսկ ինչի համար է դա անհրաժեշտ հատկապես բարձր գների պայմաններում ավելի շատ նավթ արտահանելով ամերիկայի Միացյալ Նահանգները հնարավորություն են ստեղծում ամրապնդել դոլարը։ Եվ այս ստեղծված իրավիճակում, Միացյալ Նահանգները, ստանալով հնարավորություն վերահսկելու հիմնական էներգետիկ հոսքերը, լոգիստիկ ուղիները, նաև հանդես գալով որպես կարևոր մատակարար, ստեղծում են մի իրավիճակ, որում նրանք հնարավորություն են ստանում էապես ամրապնդելու դոլարը համաշխարհային տնտեսության մեջ»։

Դավթյանը շեշտեց, որ տնտեսական շահերն ավելի գերակշիռ են. «Ես կարծում եմ, դրանք զուգորդում են և փոխկապակցված են մեկը մյուսի հետ, և սա առավել քան ակնհայտ է, հաշվի առնելով Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությունը, նրա բոլոր արտաքին քաղաքական նպատակներում տնտեսական բաղադրիչի շատ հստակ ուրվագծումը, ես կարծում եմ, որ այո, սա այն ամեն, ինչ տեղի է ունենում Մերձավոր արևելքում, հետապնդում է շատ հեռահար գեոտնտեսական նպատակներ։ Պատահական չէ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործող մի շարք ռազմավարական վերլուծական կենտրոններ, ստրատեգներ խոսում էին նոր գեոտնտեսական աշխարհակարգի մասին»։