ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Իրանին անվանել է «աշխարհի վատթարագույն իրավախախտը պատանդ վերցնելու հարցում», մեկնաբանելով երկրի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունը։
Ելույթ ունենալով Պատանդների և անօրինական կերպով կալանավորված անձանց միջազգային օրվան նվիրված ընդունելության ժամանակ՝ Ռուբիոն հայտարարել է. «Երբ խոսքը պատանդ վերցնելու մասին է, աշխարհում ամենավատը կղերական ռեժիմն է»։
Ռուբիոն հարգանքի տուրք է մատուցել Իրանում 19 տարի առաջ անհետացած ՀԴԲ նախկին գործակալ Ռոբերտ Լևինսոնին, որին համարում են մահացած իրանական կալանքի տակ։ ԱՄՆ հետագա վարչակազմերը փորձել են գտնել նրան և տուն վերադարձնել, սակայն ապարդյուն։
Իր ելույթում Ռուբիոն չի հիշատակել Իրանում բանտարկված այլ ամերիկացիների, նրանց թվում՝ Ռեզա Վալիզադեի և Քամրան Հեքմատիի մասին, որոնք, ըստ տեղեկությունների, պահվում են Էվին բանտում։ «Մենք չենք կանգ առնի, մինչև յուրաքանչյուր անօրինական կերպով կալանավորված ամերիկացի տուն չվերադարձվի»,- հայտարարել է Ռուբիոն։
Նա բարձր է գնահատել Իրանի դեմ ռազմական արշավը՝ այն բնութագրելով «բացառիկ գործողություն»։ «Զինվորականները կատարում են իրենց աշխատանքը, և ամեն օր ռեժիմն ունի ավելի քիչ հրթիռներ, ավելի քիչ արձակման կայաններ։ Նրա գործարաններն ավելի քիչ են աշխատում, իսկ նավատորմը՝ սպառվում։ Երբ առաքելությունը կատարվի, աշխարհը կդառնա ավելի անվտանգ և ավելի լավ»,- ասել է նա։





























