Եվրամիությունը տարածաշրջանային առաջնորդների հետ բանակցություններից հետո հայտարարել է Մերձավոր Արևելքում ռազմածովային գործողություններն ընդլայնելու պատրաստակամության մասին՝ միջազգային նավարկությունը պաշտպանելու համար։
Համատեղ հայտարարության մեջ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան «պատրաստակամություն են հայտնել ամրապնդելու Aspides և Atalanta գործողությունները, որոնք նպատակ ունեն պաշտպանել նավագնացության ուղիները և կանխել Կարմիր ծովում և շրջակայքում մատակարարման շղթաների խափանումները։
Aspides գործողությունը ստեղծվել է 2024 թվականին՝ միջազգային նավերի վրա հուսիթ ապստամբների հարձակումներից հետո։ Atalanta-ն ստեղծվել է 2008 թվականին՝ Աֆրիկայում սոմալի ծովահեններին հակազդելու համար, սակայն դրա մանդատը հետագայում ընդլայնվել է։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է, որ Ֆրանսիան Կարմիր ծով կտեղակայի երկու ֆրեգատ՝ Aspides գործողությունն ամրապնդելու նպատակով։
Եվրահանձնաժողովի ներկայացուցիչն ավելի վաղ հրաժարվել է մեկնաբանել, թե ԵՄ որ անդամ պետությունները կարող են մասնակցել ընդլայնված ծովային գործողություններին՝ շեշտելով միայն, որ ԵՄ-ն «ուսումնասիրում է իր ներկայությունն ամրապնդելու տարբերակները»։
ԵՄ երկու առաջնորդներն էլ մտահոգություն են հայտնել Լիբանանի վրա տարածաշրջանային ճգնաժամի ազդեցության վերաբերյալ, մասնավորապես՝ քաղաքացիական բնակչության զանգվածային տեղահանման առումով: Ֆոն դեր Լայենը մարդասիրական է օգնություն խոստացել, որով առաջին ինքնաթիռը կմեկնի երեքշաբթի։
Երկուշաբթի օրը ավելի վաղ ֆոն դեր Լայենը և Կոշտան տեսակոնֆերանս են անցկացրել Հորդանանի, Եգիպտոսի, Բահրեյնի, Լիբանանի, Սիրիայի, Թուրքիայի, Հայաստանի, Իրաքի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի և Օմանի առաջնորդների և ավագ նախարարների հետ։
ԵՄ հայտարարության մեջ տեսակոնֆերանսը բնութագրվել է որպես «համերաշխության և դիվանագիտական ներգրավվածության շարունակական ցուցադրություն», հավելելով, որ «Եվրամիությունը տարածաշրջանի վաղեմի և հուսալի գործընկերն է այս դժվարին ժամանակներում և պատրաստ է ամեն կերպ նպաստել իրավիճակի լիցքաթափմանը և բանակցություններին վերադառնալուն»։





























