Մարտի վերջին Հայաստանում նախատեսվում է աշխատանքային հանդիպում և քննարկում անցկացնել ընտրությունները լուսաբանող լրագրողների համար։ Այս մասին մարտի 11-ին մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։
ԿԸՀ ղեկավարը նշել է, որ դրա նպատակը կրկնվող հարցերից խուսափելն է։ «Լրագրողներին համարում եմ հանրային կյանքի սանիտար։ Լրագրությունն այն մասնագիտությունն է, որը վեր է հանում հանրային կայնքի խնդիրները և հասցեագրում այն սուբյեկտներին, որոնք պետք է դրանք լուծելու իրավասություն ունեն», - ասել է նախկին լրագրողը։
Անդրադառնալով Ընտրական օրենսգրքի այս տարվա փետրվարի 7-ին ուժի մեջ մտած դրույթներին՝ նա հիշեցրել է, որ կուսակցությունների համար անցողիկ շեմը նվազեցվել է մինչև 4%, մինչդեռ դաշինքների համար այն 7%-ից բարձրացվել է մինչև 8% և 10%։ «Երկուսից երեք կուսակցություններից բաղկացած դաշինքների համար 8 % շեմի ներքո են ընկնում, 3 և ավել կուսակցություններից բաղկացած դաշինքները պետք է 10 %-ի շեմը հաղթահարեն», - նշել է Հովակիմյան։
Նա նաև հիշեցրել է, որ կուսակցությունների համար ընտրական գրավի չափը 10 միլիոն դրամից նվազեցվել է մինչև 7,5 միլիոն դրամ, իսկ դաշինքների համար սահմանվել է 15 միլիոն դրամ։ «Սա 2021 թվականին արվել է այն միտումով, որպեսզի օրենսդրությունը նպաստի քաղաքական ուժերի խոշորացմանը։ Օրենսդրությունը նպաստի գաղափարակից ուժերին միավորվեն։ Թե որքանով այս օրենսդրական գործիքակազմը դրական արդյունք կունենա՝ ցույց կտա ժամանակը», - հայտնել է նա։
Հովակիմյանը նաև հայտնել է, որ դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով և 126 կուսակցությունների էլեկտրոնային հասցեներ է ստացել, ինչը, նրա խոսքով, զգալի թիվ է 2․5 միլիոն ընտրող բնակչություն ունեցող Հայաստանի համար։
Ինչպես նշել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, նոր փոփոխությունների համաձայն՝ ընտրություններից հետո առաջին փուլում 9 օրվա ընթացքում կոալիցիա կազմելու իրավունքը կտրվի առավելագույն թվով ձայներ ստացած քաղաքական ուժին։ Եթե այդ ժամկետում նրան չհաջողվի կոալիցիա ձևավորել, ապա ժամանակ կտրվի մնացած քաղաքական ուժերին՝ կոալիցիոն մեծամասնություն կազմելու համար։
Ինչ վերաբերում է լրացուցիչ մանդատներին, ապա դրանք հաղթող ուժին կտրվեն այն դեպքում, եթե վերջինս 52%-ից պակաս ձայն հավաքի (նախկինում 54% էր — խմբ.): «Ընտրական օրենսգիրքը նախատեսում է, որ հաղթող ուժին կտրվեն այնքան մանդատներ, որոնք անհրաժեշտ են 52%-ն ապահովելու համար», - ասել է Հովակիմյանը:
Այս գործիքակազմի գաղափարն այն է, որ հաղթող, բայց բավարար քանակությամբ ձայներ չհավաքած ուժը կախվածության մեջ չլինի ազգային փոքրամասնությունների 4 ներկայացուցիչներից (որոնց խորհրդարանում քվոտա է տրամադրվում)։ «Նպատակն այն է, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները չհայտնվեն ներքաղաքական բանավեճերի կենտրոնում», — պարզաբանել է ԿԸՀ նախագահը։
Բացի այդ, մանդատների բաշխման նոր կարգը նախկինից կտարբերվի նրանով, որ եթե հաղթող կուսակցությունը հավաքի ձայների 2/3-ից պակասը, բայց ստանա մանդատների 2/3-ից ավելին, ապա նրա «ավելորդ» մանդատները կբաշխվեն այն կուսակցությունների միջև, որոնք առավելագույն ձայներ են հավաքել անցողիկ շեմը չհաղթահարած քաղաքական ուժերի շարքում։





























