Երեւանի քաղաքապետարանն անդրադարձել է Մաշտոցի այգում շինարարության դեմ պայքարող ակտիվիստների տարածած հայտարարությանը, ըստ որի, քաղաքապետ Տարոն Մարգարյանն իրենց հետ հանդիպման ժամանակ ասել է, թե իր հետ պետք չի խոսել օրենքի լեզվով:
Քաղաքապետարանի պարզաբանման մեջ, մասնավորապես, նշվում է, որ այդ վայրում շինարարություն իրականացնելու դեմ բողոքող հասարակական նախաձեռնության ներկայացուցիչների կողմից այսօր որոշ լրատվամիջոցներով տարածած հայտարարությունում, մասնավորապես տեղ է գտել Եղյա Ներսիսյանի հայտարարությունը, թե Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հանդիպման ժամանակ քաղաքապետն իբր «առաջարկել է իր հետ չխոսել օրենքից, այլ օրենքից խոսելու համար դիմել դատարան»:
«Հայտնում ենք, որ քաղաքապետին վերագրվող խոսքն ակնհայտ միտումնավորությամբ ներկայացվել է խեղաթյուրված եւ համատեքստից դուրս: Իրականում, հանդիպման ժամանակ հասարակական նախաձեռնության ներկայացուցիչների պնդմանը, թե ժամանակավոր շինությունների տեղադրումն իրականացվում է առանց համապատասխան փաստաթղթերի առկայության, ինչն օրենքի խախտում է, քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրել է նրանց, որ այդ աշխատանքներն իրականացվում են օրենքի շրջանակում` հաստատված եւ համաձայնեցված քաղաքաշինական փաստաթղթերի համապատասխան, ինչը, սակայն, չի բավարարել նախաձեռնության ներկայացուցիչներին եւ նրանք պնդել են, որ կա օրենքի խախտում: Ի պատասխան այդ պնդման, քաղաքապետ Տարոն Մարգարյանը առաջարկել է դիմել դատարան եւ օրենքին համապատասխանության հարցը վիճարկել դատարանում:
Երեւանի քաղաքապետարանը մեկ անգամ եւս վստահեցնում է, որ Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա-Եզնիկ Կողբացի հատվածում` պուրակին հարակից ոչ կանաչ գոտում ժամանակավոր շինությունների տեղադրումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով` հաստատված եւ համաձայնեցված քաղաքաշինական փաստաթղթերի համապատասխան»,-ասված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:




























