Մերձավոր Արևելքում բռնկված պատերազմի հետևանքով առաջացած էներգետիկ ցնցումը կործանարար հարված կհասցնի Եվրոպայի տնտեսությանը։ Այս մասին գրում է The Wall Street Journal (WSJ) պարբերականը։
«Սա դառը անակնկալ կլինի տարածաշրջանի համար, որը հույս ուներ այս տարի արագացնել տնտեսական աճը՝ տևական լճացումից հետո, ինչն արդեն իսկ դժգոհությունների ալիք էր բարձրացրել ողջ մայրցամաքում»,- նշում է WSJ-ն։
Պարբերականն ընդգծում է, որ էներգակիրների գների աճը կարող է արագացնել ապաինդուստրացման գործընթացը, քանի որ էներգատար ճյուղերը (օրինակ՝ քիմիական արդյունաբերությունը) փակում են գործարանները և արտադրությունը տեղափոխում ԱՄՆ ու Չինաստան։
Գյուղատնտեսական տեխնիկա արտադրող գերմանական Claas ընկերության գործարաններից մեկի ղեկավար Գերհարդ Ֆրայտագը հայտնել է, որ տրանսպորտային ծախսերն արդեն իսկ աճել են։ Իսկ Claas-ի գլխավոր տնօրեն Յան-Հենդրիկ Մորը նշել է, որ ռեսուրսների (դիզելային վառելիքից մինչև պարարտանյութեր) գների թանկացումը նվազեցնում է ֆերմերային տնտեսությունների առանց այդ էլ ցածր շահութաբերությունը։ Նա ընդգծել է, որ սա կարող է հանգեցնել սննդամթերքի գների բարձրացման։
Capital Economics-ի գլխավոր տնտեսագետ Նիլ Շիրինգն իր հերթին նշել է, որ տնտեսական աճի մոտ 1% տեմպերի պարագայում նավթի՝ 125 դոլար և ավելի բարձր գինը կարող է Եվրոպան հասցնել ռեցեսիայի։




























