Մենք չենք ընդլայնել պատերազմի մասշտաբները։ Պատերազմն իր էությամբ էքսպանսիոնիստական է։ Սա է էությունը։ Այս մասին «Al Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։

«Մենք նախկինում զգուշացրել էինք մեր բարեկամներին և տարածաշրջանի երկրներին այս մասին՝ մի շատ պարզ պատճառով։ Երբ Միացյալ Նահանգները հարձակվում է մեզ վրա, մեր զինված ուժերը, հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը չեն կարող հասնել ԱՄՆ տարածքին։ Հետևաբար, մենք անխուսափելիորեն ստիպված ենք պատասխան հարված հասցնել տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին և գրոհել ԱՄՆ ռազմական օբյեկտները։ Ցավոք, դրանք սփռված են ողջ տարածաշրջանով մեկ և, դժբախտաբար, գտնվում են մեր բարեկամ երկրների տարածքներում»,- նշել է Իրանի ԱԳ նախարարը։

Աբաս Արաղչիի խոսքով՝ սա է այս պատերազմի բնույթը։

«Երբ Միացյալ Նահանգները մեզ վրա հարձակվում է 10 հազար մղոն հեռավորությունից՝ սպասելով, թե երբ է հարված հասցնելու այստեղ, լիովին բնական է, որ մենք պետք է պատասխան տանք։ Նախևառաջ, ես անկեղծորեն զարմացած եմ, որ աշխարհը լռում է Իրանի բնակելի թաղամասերի, դպրոցների ու հիվանդանոցների վրա կատարվող հարձակումների մասին։ Ինչո՞ւ ոչ ոք չի խոսում այդ մասին։ Բայց կարող եմ վստահաբար ասել, որ մենք հարևան երկրների քաղաքացիական օբյեկտների վրա չենք հարձակվել։ Մենք նրանց հարվածներ չենք հասցրել։ Իհարկե, որոշ վայրերում կարող են լինել կողմնակի հետևանքներ, բայց դա մեր նպատակների մեջ չի մտել։ Սակայն, երբ խոսքը վերաբերում է տարածաշրջանում ամերիկյան, այսպես կոչված, բազաներին հարվածելուն, բնական է, որ մենք չենք սահմանափակվել միայն պաշտոնական ռազմաբազաներով։ Այնտեղ, որտեղ եղել է ամերիկացիների կենտրոնացում, որտեղ գտնվել են նրանց պատկանող օբյեկտները, այդ վայրերը դարձել են թիրախներ»,- նշել է նա։