Հայաստանի ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ դառնալը ապագային միտված քայլ է եւ 100 տոկոսանոց ճիշտ մեկնաբանություն տալը դժվար է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանը։

«Վարդան Օսկանյանը երեկվա երեխեն չի եւ եթե մտնում է այդ կուսակցության մեջ, եւ նա Քոչարյանի թիմի ամենաակտիվ անդամներից մեկն է, ապա կնշանակի, որ որոշակի նպատակ կարող է հետապնդել, նախ` ինքը մտնի քաղաքական ասպարեզ, երկրորդ` իրենց գաղափարներն իրականացնելու համար պայքարել այդ կուսակցության միջոցով: Հնարավոր է նաեւ, որ հետագայում Քոչարյանն էլ մտնի այդ կուսակցություն, կամ չմտնի ու Վարդան Օսկանյանի թեկնածությունն առաջադրի»,- ասաց նա` հավելելով, որ Օսկանյանի եւ Քոչարյանի կապը գաղտնիք չէ:

Այս հանգամանքը, պատգամավորի խոսքով, ՀՀԿ-ին ստիպելու է ավելի ակտիվ աշխատել` այդպիսի հանգամանքներից իր հաջողությունը կախման մեջ չդնելու նպատակով:

Ինչ վերաբերում է կոալիցիոն գործընկերների, մասնավորապես, ԲՀԿ-ի կողմից, նախագահական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելուն, Ռաֆիկ Պետրոսյանի խոսքով, թեեւ նրանք իրենց հավատարմությունն արտահայտել են, բայց 100 տոկոսով չես կարող համոզված լինել, որ իրենք կպաշտպանեն Սերժ Սարգսյանի թեկնածությունը, որովհետեւ իրադարձությունները շատ բուռն կերպով կարող են փոխվել: Նա չբացառեց նաեւ նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի թեկնածության առաջադրումը:

Ռաֆիկ Պետրոսյանի խոսքով` իրենք չեն պաշտպանի այն մարդկանց թեկնածությունը, որոնք օտար պետության շահեր են ներկայացնում: «Դա վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանին, Վարդան Օսկանյանին, որոնք կարող են շատ լավ աշխատել, բայց ՀՀ նախագահը պետք է լինի Հայաստանից, այստեղ ծնված, մեծացած, պապերի գերեզմանը Հայաստանում եւ այլն»,- ասաց Ռաֆիկ Պետրոսյանը:

Նշենք, որ Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը երկու օր առաջ հայտարարել էր, որ ԲՀԿ-ին անդամագրվելու դիմում է ներկայացրել: Դրանից մեկ օր անց նա պաշտոնապես դարձել է ԲՀԿ-ական: