Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) հետաքննություն է սկսել ԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի նախկին տնօրեն Ջո Քենթի նկատմամբ։ Վերջինս այս շաբաթ հրաժարական է տվել և սկսել հրապարակայնորեն քննադատել նախագահ Դոնալդ Թրամփին՝ Իրանի դեմ մղվող պատերազմի համար։

Հետաքննության մասին հայտնել են «CBS» հեռուստաալիքի բազմաթիվ աղբյուրներ. այդ մասին գրել է նաև «Semafor» կայքը։

Աղբյուրների փոխանցմամբ՝ հետաքննության պատճառը գաղտնի տեղեկատվության արտահոսքն է։ Ինչպես հաղորդում է «BBC»-ն, պնդումներ կան, որ հետաքննությունը սկսվել է դեռևս մինչև Քենթի հրաժարականը։

Մի քանի ժամ առաջ Քենթը հարցազրույց է տվել պահպանողական մեկնաբան Թաքեր Կառլսոնին, ով նույնպես հրապարակայնորեն քննադատում է Իրանի դեմ պատերազմը։ Հարցազրույցի ընթացքում Քենթը, մասնավորապես, նշել է, որ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունը հանգեցրել է իրանական հասարակության համախմբմանը վարչակարգի շուրջ։