Վաշինգտոնը եւ Տոկիոն համաձայնության են եկել ամերիկյան էներգետիկ նախագծերում մոտ 73 միլիարդ դոլար ներդնելու վերաբերյալ։ Այս մասին նշվել է երկու երկրների համատեղ հայտարարության մեջ, որը տարածել է ԱՄՆ առեւտրային բանակցություններում ամերիկյան ներկայացուցչի գրասենյակը։

«Երկու կառավարություններն ուրախ են հայտարարել նախագծերի երկրորդ խմբաքանակի մասին»,- նշվել է փաստաթղթում։ Համաձայնագիրը վերաբերում է GE Vernova Hitachi-ի կողմից Թենեսիում եւ Ալաբամայում փոքր մոդուլային ռեակտորների կառուցման ներդրումներին։ Նախագծի արժեքը գնահատվում է 40 միլիարդ դոլար։ Կողմերը նաեւ մտադիր են կառուցել բնական գազով աշխատող էլեկտրաէներգիայի արտադրության ենթակառուցվածքներ Փենսիլվանիայում եւ Տեխասում։ Այդ նախագծերը գնահատվում են համապատասխանաբար 17 եւ 16 միլիարդ դոլար։

Հայտարարության մեջ նշվել է, որ երկու կառավարությունները կարծում են, որ նախկինում համաձայնեցված նախագծերի իրականացման գործում «կայուն առաջընթաց» է գրանցվել։ Դրանք ներառում են 33,3 միլիարդ դոլարի էլեկտրաէներգիայի արտադրության ենթակառուցվածքների եւ 2,1 միլիարդ դոլարի նավթի արտահանման ենթակառուցվածքների ստեղծում։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել էր Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիտիին։