Հատուկ քննչական ծառայությունը Ազգային ժողով է ուղարկել փետրվարի 9-ին խորհրդարանում ուրիշի փոխարեն քվեարկած պատգամավորներ Արա Բաբլոյանին, Հերմինե Նաղդալյանին, Գագիկ Մելիքյանին եւ Արեգ Ղուկասյանին պատասխանատվության ենթարկելու մասին «Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոնի» նախագահ Ռուբեն Թորոսյանի հաղորդումը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել են ՀՔԾ-ի մամուլի բաժնից:
Ռուբեն Թորոսյանը փետրվարի 11-ին Հատուկ քննչական ծառայությանը ներկայացրած հաղորդման մեջ գրել էր, թե Ազգային ժողովի խոսնակ Սամվել Նիկոյանը եւ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, խախտելով Ազգային ժողովի կանոնակարգը, կարգապահական որեւէ միջոց չեն ձեռնարկել, ըստ Թորոսյանի, կարգազանց պատգամավորների նկատմամբ:
«Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոնի» նախագահը հարցադրում է հնչեցնում, թե ինչո՞ւ է ՀՔԾ-ն իր հաղորդումն ուղարկել Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանին:
«Եթե հաղորդումն ուղարկել են Նիկոյանին, ես կարծում եմ սխալ հասցեով են ուղարկել: Հաղորդման այդ կեսը` Նիկոյանի հետ կապված, պետք է հանրապետության նախագահին, այսինքն պետության գլխին ուղարկեին: Հիմա Նիկոյանը իր հետ կապված ինչպե՞ս պետք է ինչ-որ միջոցառումներ նախատեսի», - հարցնում է Թորոսյանը:
Ռուբեն Թորոսյանը ՀՔԾ-ին խնդրել է իր հաղորդումը քննել` հիմք ընդունելով Քրեական օրենսգրքի 308 եւ 309 հոդվածները` պաշտոնական լիազորություններն անցնելը եւ չարաշահելը:
«Երեւի մեր Հատուկ քննչական ծառայությունը ի վիճակի չէ տեսնել, պարզել այդ հետեւանքները, այսինքն քվեարկության արդյունքների վրա դա ազդե՞լ է, թե` ոչ, ուղարկել է, որ ԱԺ-ում պարզեն: Բացի քվեարկության արդյունքների վրա ազդելուց, կա մեկ այլ հետեւանք, դա ընտրողների իրավունքների ոտնահարումն է: Այսինքն եթե դու քվեարկել ես այլ պատգամավորների փոխարեն, ապա այդ այլ պատգամավորի ընտրողների իրավունքները ոտնահարվել են, այսինքն նրանք հանցանք են կատարել», - ասաց Թորոսյանը:
Ի պատասխան «Ազատության» գրավոր հարցմանը, թե ո՞ր օրենքի վկայակոչմամբ է Ռուբեն Թորոսյանի հաղորդումն ուղարկել ԱԺ-ի նախագահին, եւ ինչո՞ւ ՀՔԾ-ն որոշում չի կայացրել քրեական գործ հարուցելու կամ քրեական գործ հարուցելը մերժելու մասին, ՀՔԾ-ից պատասխանել են, որ Թորոսյանի հաղորդումն ուղարկվել է ԱԺ նախագահի քննարկմանը` «ՀՀ հատուկ քննչական ծառայությունում դիմումների, բողոքների, առաջարկությունների քննարկման, անձանց ընդունելության եւ գործավարության» կարգի 25-28-րդ կետերի համաձայն:
«Հատուկ քննչական ծառայությունն ընդունած որոշումների վերաբերյալ մեկնաբանություններ չի տալիս», - գրված է ՀՔԾ-ի պատասխան նամակում:
«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում դիմումների, բողոքների, առաջարկությունների քննարկման, անձանց ընդունելության եւ գործավարության» կարգի 25-րդ կետի 1-ին մասով` ՀՔԾ-ն պարտավոր է լուծում տալ ներկայացված դիմումին, 2-րդ մասով` դիմումը լուծման համար ուղարկում է այլ մարմիններ: Իսկ 28-րդ կետով սահմանված է, որ պետական մարմնի կամ պաշտոնատար անձի գործողության դեմ բողոք պարունակող դիմումը քննարկման համար ուղարկում է դրանց նկատմամբ վերահսկողական լիազորություններ իրականացնող մարմնին կամ պաշտոնատար անձին:
Ի դեպ, Ռուբեն Թորոսյանը նշել է, որ այսօր եւս մեկ հաղորդում է ներկայացրել ՀՔԾ, որտեղ նշված է, թե մամուլի հրապարակումներում հայտնաբերել է եւս չորս պատգամավորի անուն, որոնք նույնպես փետրվարի 9-ին քվեարկել են ուրիշի փոխարեն: Այդ պատգամավորներն են` Ռազմիկ Զոհրաբյանը, Համլետ Հարությունյանը, Ռաֆիկ Գրիգորյանը եւ Միշա Ստեփանյանը: Ռուբեն Թորոսյանը կից ներկայացրել է նաեւ ուրիշի փոխարեն քվեարկությունների տեսագրությունը:




























