Իրանի շուրջ շարունակվող պատերազմը լուրջ ազդեցություն է թողնում համաշխարհային տնտեսության վրա՝ էներգետիկ շուկաների և մատակարարման շղթաների միջոցով։

Reuters-ի վերլուծության համաձայն՝ նավթի և գազի ներկրումից մեծ կախվածություն ունեցող երկրներն առերեսվում են ամենամեծ ռիսկերին, իսկ սահմանափակ ֆինանսական միջոցներ ունեցող զարգացող տնտեսությունները հայտնվում են առավել խոցելի վիճակում։ Խոշոր տնտեսությունների թվում են նաև Գերմանիան և Իտալիան, որոնք տուժում են էներգակիրների ներկրման բարձր մասնաբաժնի և արտադրական ակտիվության հնարավոր անկման պատճառով։ Մեծ Բրիտանիան ճնշում է զգում էլեկտրաէներգետիկայի և գնաճի ոլորտներում, ինչը կարող է հանգեցնել դրույքաչափերի բարձրացման և տնային տնտեսությունների համար հավելյալ ֆինանսական դժվարությունների։ Ճապոնիան, որը գրեթե ողջ նավթը և գազի զգալի մասը ներկրում է Հորմուզի նեղուցով, բախվում է արժութային և գնաճային ռիսկերի։

Զարգացող երկրները, ինչպիսիք են Հնդկաստանը, Թուրքիան և Մերձավոր Արևելքի պետությունները, նույնպես լուրջ ճնշման տակ են։ Հնդկաստանը ներկրում է իր նավթի մոտ 90 տոկոսը, և գների աճն արդեն իսկ անդրադառնում է ռուփիի փոխարժեքի ու ՀՆԱ-ի աճի կանխատեսումների վրա։ Թուրքիան առերեսվում է գնաճի և արժութային սթրեսի հետ՝ ստիպված լինելով օգտագործել պահուստները լիրայի կայունացման համար։ Տնտեսապես թույլ պետությունները, ներառյալ Շրի Լանկան, Պակիստանը և Եգիպտոսը կրում են ամենամեծ հարվածը՝ վառելիքի և սննդամթերքի թանկացում, աշխատաժամանակի կրճատում, արժույթի արժեզրկում, ինչպես նաև տուրիզմից ու արտահանումից ստացվող եկամուտների անկում։

Հակամարտության սրումը կապված է Իրանի ռազմական օբյեկտներին ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած հարվածների հետ, ինչը մեծացնում է Հորմուզի նեղուցով մատակարարումների սահմանափակման ռիսկը, որտեղով անցնում է համաշխարհային նավթի շուրջ 20 տոկոսը:

Արդեն իսկ նկատվող խափանումները և էներգակիրների գների աճն ուժեղացնում են գնաճային ճնշումն ու տնտեսական դժվարությունները: Reuters-ը նշում է, որ պատերազմի հետևանքները դրսևորվում են անհամաչափ. հարվածն առաջին հերթին զգում են էներգիա ներկրողները և ֆինանսական սահմանափակ «բարձիկ» ունեցող երկրները, այդ թվում՝ Եվրոպայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի մեծ մասը:

Փորձագետները զգուշացնում են, որ հակամարտության շարունակման դեպքում համաշխարհային տնտեսությունը կարող է բախվել էներգետիկ ճնշման ուժգնացմանը, նավթի ու գազի գների աճին և հետագա գնաճին, ընդ որում՝ ամենախոցելի պետությունները ստիպված կլինեն հարմարվել նվազագույն պահանջներին: