Իրանցի զինվորականները հայտարարել են տարածաշրջանում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների առանցքային օբյեկտներին հարվածներ հասցնելու մասին, ներառյալ Սաուդյան Արաբիայում գտնվող «Արքայազն Սուլթան» ավիաբազան և Բահրեյնում տեղակայված ԱՄՆ 5-րդ նավատորմը:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Խաթամ ալ-Անբիա» շտաբի ներկայացուցչի խոսքով՝ հարձակումներն իրականացվել են հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ։ Պնդվում է, որ «Արքայազն Սուլթան» ավիաբազայում տեղակայված են ամերիկյան հետախուզական ինքնաթիռներ, իսկ բազան ինքնին դիտարկվում է որպես ԱՄՆ ռազմական ներկայության կարևոր կենտրոն։ Իրանական կողմի հայտարարության համաձայն՝ ավելի ուշ օբյեկտի ուղղությամբ հարվածներ են հասցվել նաև բալիստիկ հրթիռներով:
Սրան զուգահեռ, հուսիների շարժման հետ կապված եմենյան Al Masirah գործակալությունը հայտնել է Բեն Գուրիոն ավիաբազայի շրջանում Իսրայելի «աերոտիեզերական արդյունաբերության կենտրոնի» վրա հարձակման մասին։ Ըստ աղբյուրի տվյալների՝ հարվածի համար օգտագործվել են Arash-2 տեսակի հարվածային անօդաչու սարքեր։
ԱՄՆ-ի և Իսրայելի ներկայացուցիչները տեղի ունեցածի վերաբերյալ դեռևս պաշտոնական մեկնաբանություններ չեն տվել:
Տարածաշրջանում իրավիճակը մնում է լարված, իսկ փոխադարձ հարվածների մասին լուրերն ուժգնացնում են Մերձավոր Արևելքում հակամարտության հետագա էսկալացիայի մտավախությունները:




























