Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի սրումը ալյումինի «խուճապային գնումների» ալիք է բարձրացրել ավտոարտադրողների շրջանում։ Դա կապված է այն մտավախությունների հետ, որ հակամարտության շարունակման դեպքում պաշարները կարող են սպառվել մի քանի ամսվա ընթացքում։ Այս մասին գրում է Financial Times (FT) թերթը։
Ըստ պարբերականի տվյալների՝ Պարսից ծոցի երկրների արտադրողները, ներառյալ Aluminium Bahrain-ը և Qatalum-ը, կրճատել են արտադրությունը, իսկ էլեկտրամատակարարման ընդհատումներն ու տրանսպորտային խնդիրները բացասաբար են անդրադարձել ինչպես հումքի ներկրման, այնպես էլ արտահանման վրա։ Ավտոպահեստամասերի և ալյումինի արտադրությամբ զբաղվող ընկերությունների ղեկավարները հայտարարել են, որ ավտոարտադրողները փորձում են ստեղծել պահուստային պաշարներ։ «Եթե իրավիճակը պահպանվի, խուճապային գնումներն էլ ավելի կշատանան», - պարբերականը մեջբերում է ալյումին արտադրող ընկերություններից մեկի ղեկավարի խոսքերը։
Եվրոպան, ԱՄՆ-ը և Ճապոնիան Պարսից ծոցի երկրներից ալյումինի խոշոր ներկրողներ են, որոնց բաժին է ընկնում առաջնային ալյումինի համաշխարհային արտադրության գրեթե 10%-ը, հիշեցնում է FT-ն։ Ճապոնիան տարածաշրջանից ներկրում է իրեն անհրաժեշտ ողջ ալյումինի 25%-ը, իսկ Եվրոպան ապահովում է իր ներմուծման մոտ 14%-ը։ Պարսից ծոցի երկրներից մատակարարումները գրեթե ամբողջությամբ դադարել են Հորմուզի նեղուցով նավագնացության ընդհատումների պատճառով, իսկ գազի գների կտրուկ աճը ստիպել է այլ տարածաշրջանների արտադրողներին զգուշացնել արտադրության կրճատման մասին։ Ըստ պարբերականի տեղեկությունների՝ ճապոնական ավտոարտադրողները և մատակարարները ստեղծված իրավիճակի ֆոնին դիտարկում են նաև Ռուսաստանից հումք գնելու հնարավորությունը։
Արևմտյան մի քանի ավտոարտադրողներ Financial Times-ին հայտնել են, որ խնդիրներ ունեն ալյումինի նոր մատակարարումների ապահովման հարցում։ Շատերն օգտագործում են պաշարները, որոնք, ըստ կանխատեսումների, կբավականացնեն մի քանի ամիս։ Արտադրողներից մեկը նշել է, որ ալյումինի խոշոր խմբաքանակ է ուղարկվել Պարսից ծոցից հակամարտության սկսվելուց քիչ առաջ։





























