ԱԺ նախկին պատգամավոր, ներկայումս անազատության մեջ գտնվող ազատամարտիկ Սասուն Միքայելյանին պատշաճ բուժում ստանալու համար քաղաքացիական հիվանդանոց չեն տեղափոխելու: Հիշեցնենք, որ Հաաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դիմել էր արդարադատության նախարարին՝ քննելու ազատամարտիկին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու հարցը:

Արդարադատության նախարարությունից NEWS.am-ին հայտնեցին, որ քրեակատարողական վարչության բժշկական սպասարկման բաժնի եզրակացության համաձայն, արդարադատության նախարարության «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ դատապարտյալի առողջական վիճակը թույլ է տալիս, որպեսզի բուժսպասարկման աշխատանքները կազմակերպվեն քրեակատարողական հիմնարկի ուժերով, քաղաքացիական այլ բուժհաստատություն տեղափոխելու հիմքեր չկան: ԱՆ-ից հայտնում են, որ Միքայելյանը թե «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում, թե «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում ստացել է անհրաժեշտ բուժումները, եւ «ներկայումս Ս.Միքայելյանի առողջական վիճակը գնահատվում է բավարար: Այսպիսով, Ս.Միքայելյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելը խնդիր չէ, ինչը եւ, ըստ անհրաժեշտության, պարբերաբար կատարվում է»: