Նոյեմբերի 25-ին ինքնաբացարկ է հայտարարել Երեւանի թիվ 10 ընտրատարածքում որպես պատգամավորի թեկնածու առաջադրված դերասան Վլադիմիր Կոստանյանը:
Կոստանյանի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Մշտապես նշել եմ նաեւ, որ 10-րդ ընտրատարածքում ժողովրդի կողմից պահանջված քաղաքական որոշ գործիչների առաջադրվելու պարագայում պատրաստ եմ մրցակցությունից դուրս գալ եւ չհակադրվել ժողովրդի տվյալ հատվածի դիրքորոշումներին՝ ընդունելի լինեն դրանք ինձ համար, թե՝ ոչ:
Առջեւում հերթական խորհրդարանական ընտրություններոն են, եւ շուտով կսկսվի նախապատրաստությունն ու նախնական մրցակցությունը քաղաքական ուժերի միջեւ: Ես պատրաստվում եմ վերականգնվել Հայաստանի առաջադիմական կուսակցության շարքերում եւ խորհրդարան մտնել թիմով՝ իմ կուսակցական ընկերների հետ միասին»:
Կոստանյանը նաեւ շնորհակալություն է հայտնել իր կողմնակիցներին. «…ինքնաբացարկ եմ հայտարարում եւ չեմ պատրաստվում խառնվել ընդդիմության թեկնածու Նիկոլ Փաշինյանի եւ իշխանության թեկնածու Հմայակ Հովհաննիսյանի մրցակցությանը: Թող ժողովուրդն ինքը կողմնորոշվի արդեն ամբողջովին բացահայտված իրավիճակում»:
Հիշեցնենք, որ թիվ 10 ընտրատարածքում պատգամավորի մանդատը թափուր էր մնացել Խաչատուր Սուքիասյանի հրաժարականից հետո: Հունվարի 10-ին կայանալիք ընտրություններում առաջադրվել են «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը, մարքսիստ Դավիթ Հակոբյանը, Արա Սիմոնյանը՝ Ազգային Միաբանությունից: Էդուարդ Մադաթյանին ոստիկանությունը հրաժարվել է տեղեկանք տրամադրել:




























