Սովորաբար ես եմ հանդիպումներ խնդրում Ռուսաստանի և այլ երկրների ղեկավարների հետ, այլ ոչ թե հակառակը։ Այս մասին մարտի 26-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա պարզաբանել է, որ գիտակցում է, թե ինչ պետություններ են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան և ինչ է ԵՄ-ն։ «Հա՛, ես խնդրել եմ հանդիպել, ու դա ինձ համար բացարձակապես ո՛չ ամոթ է, ո՛չ նվաստացուցիչ է: Ինչքան հանդիպումներ եղել են, չեմ հիշում այլ նախաձեռնությամբ լինեն», — նշել է Փաշինյանը:
Նրա խոսքով՝ երկրների միջև քաշային կատեգորիաների տարբերություն կա։ «ՌԴ նախագահը պիտի՞ ինձնից հանդիպում խնդրի. պարզ է՝ ե՛ս պիտի խնդրեմ, ո՞վ պիտի խնդրի: Կամ Ֆրանսիայի նախագահը պիտի՞ հանդիպում խնդրի. ե՛ս պիտի խնդրեմ, ինչքան էլ ջերմ անձնական հարաբերություններ լինեն: Ե՛ս պիտի հանդիպում խնդրեմ, որովհետև հակառակ կերպ մտածել նշանակում է իրականության զգացումը կորցնել: Այդ հանդիպումները, պնդում եմ, մեր երկրի շահերին վերաբերող հարցեր քննարկելու համար են», - ընդգծել է նա։
Փաշինյանը պարզաբանել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կոնցեսիոն կառավարման վերաբերյալ կոնկրետ ժամկետներ չկան, բայց դա նաև անժամկետ հարց չէ։ «Մենք հույս ունենք այս հարցին գործընկերային լուծում տալ։ Դեմ չենք լինի, եթե պարզվի, որ մեր և Ռուսատանի միջև կա փոխադարձ ըմբռնում, որ ղազախական ընկերությունը երկուսիս համար էլ ընդունելի է, որովհետև ՌԴ գործընկերները դեռ չեն ասել՝ լա՛վ, համաձայն ենք, եկեք այդպես անենք: Նկատի ունեմ՝ քննարկումն այլ ռեժիմ է, բայց նման գաղափարներ կան թևածող», - եզրափակել է նա:


























