Մասիսի շրջանի Նորամարգ գյուղում, փետրվարի 18-ին, 46-ամյա Իվետա Սարգսյանի կողմից դանակի հարվածից սպանված Սամվել Բաղյանը հարբած կանանց վիճաբանության զոհ է դարձել:Այս մասին NEWS.am–ի թղթակցին փոխանցեց Նորամարգի գյուղապետ Սարգիս Գալստյանը: Նրանից տեղեկացանք, որ ե’ւ Իվետա Սարգսյանը, ե’ւ Սամվել Բաղյանն իրենց գյուղի բնակիչներ չեն:
Ըստ նրա, Իվետայի երկրպագուներից մեկը միջնորդել է, որ նա այդտեղ փոքրիկ ֆերմերային գործունեություն ծավալի, իսկ Սամվել Բաղյանը հարեւան գյուղից եկել է Նորամարգ գյուղ` անասնապահությամբ հանապազօրյա հաց վաստակելու համար:Բայց Իվետա Սարգսյանը ընկերուհիների հետ հերթական կերուխումն է կազմակերպել, խմել են հետո կանանց միջեւ ալկոհոլի ազդեցության տակ բուռն վեճ է բռնկվել եւ, երբ Սամվել Բաղյանը ցանկացել է հանդարտեցնել վեճը, դանակի հարված է ստացել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ փետրվարի 18-ի գիշերը սպանութուն է կատարվել Արարատի մարզի Մասիսի շրջանի Նորամարգ գյուղում: Գյուղի բնակչուհի 46-ամյա Իվետա Սարգսյանը վիճաբանության բռնվելով իր համագյուղացի Սամվել Բաղյանի հետ` դանակով հարվածներ է հասցրել վերջինիս. 48-ամյա Սամվել Բաղյանը տեղում մահացել է: Ոստիկանության լրատվության վարչությունից NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում հաստատելով տեղի ունեցածը` հայտնել են, որ Իվետա Սարգսյանը ձերբակալվել է:




























