Զարմանալի ոչինչ չկա նրանում, որ կառավարության անկուսակցական անդամները խմբակային որոշում են կայացրել մուտք գործել ՀՀԿ, քանի որ կառավարությունը քաղաքական մարմին է, իսկ նախարարներին եւ փոխնախարարներին առաջադրել է ՀՀԿ-ն։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է ՀՀԿ խմբակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով, բոլոր նախարարները, մինչեւ ՀՀԿ-ում հայտնվելն, արդեն իսկ, քաղաքական մեկ թիմի անդամ էին, եւ զարմանալի չէ, որ նրանք որոշել են լրացնել կուսակցության շարքերը։ «Դա նրանց որոշումն էր, ոչ ոք նրանց չի պարտադրել անել դա, պարզապես փորձը ցույց է տալիս, որ քաղաքականության մեջ մեծ հաջողության հասնում են կուսակցական գործիչները»,- ասել է Շարմազանովը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանն իր հերթին հայտարարել է, որ շատ հանգիստ է վերաբերում կառավարության անդամների հաշվին ՀՀԿ-ի շարքերի խտացման փաստին։ Նրա խոսքով, կառավարության յուրաքանչյուր անդամ ինքն է ընտրում իր կուսակցական պատկանելությունը եւ ընդգծել է, որ կառավարության անդամների հաշվին ՀՀԿ-ի շարքերի խտացումը չի խախտի կոալիցիայի հավասարակշռությունը։

Նշենք, որ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարներ Տիգրան Դավթյանը եւ Ներսես Երիցյանը հայտ են ներկայացրել Հայաստանի Հանրապետական կուսակցություն մուտք գործելու մասին։ Հայտ են ներկայացրել նաեւ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, վարչապետի խորհրդական Արամ Ղարիբյանը, տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արտաշես Ավետիսյանը, մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը։ Ավելի վաղ ՀՀԿ-ի շարքեր էր մտել նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը։