ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայից հետո Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրում (ՄԶՉՊ) Իրանի մասնակցությունն այլևս իմաստ չունի։ Թեհրանը պետք է դուրս գա դրանից, և իրանցի պատգամավորների մեծամասնությունը կիսում է այս տեսակետը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ալաէդդին Բորուջերդին։

«Հաշվի առնելով ստեղծված հանգամանքները՝ ՄԶՉՊ-ում Իրանի անդամակցությունն այլևս իմաստ չունի, և, ըստ ամենայնի, խորհրդարանի պատգամավորների շրջանում գերակշռող տեսակետը հենց դա է. այս իրադարձություններից հետո նման սահմանափակումներ ընդունելու պատճառներ չկան։ Մենք չենք ձգտում ատոմային ռումբի ստեղծմանը, սակայն հնարավոր չէ միաժամանակ պահպանել խաղի կանոնները և ենթարկվել ռմբակոծությունների։ Ի վերջո, ժամանակն է դուրս գալ ՄԶՉՊ-ից»,- նրա խոսքերը մեջբերում է SNN հեռուստաալիքը։

Իրանն իր միջուկային ծրագիրը սկսել է զարգացնել 1950-ական թվականներին՝ շահ Մոհամմադ Ռեզա Փահլավիի կառավարման օրոք՝ ստանալով ԱՄՆ-ի աջակցությունը: 1958 թվականին երկիրը դարձել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) անդամ, 1968 թվականին Թեհրանը ստորագրել է Միջուկային զենքի չտարածման պայմանագիրը (ՄԶՉՊ), որը վավերացվել է 1970 թվականին։ 1979 թվականին շահական վարչակարգի տապալումից և Իսլամական հանրապետության հռչակումից հետո միջուկային ծրագրի իրականացումը դադարեցվել է, մինչև որ իշխանությունները 1980-ականների վերջին վերսկսել են ատոմային տեխնոլոգիաների զարգացումը։ 2003 թվականից Իրանում գործում է Իսլամական հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի ֆեթվան (կրոնական հրամանագիր), համաձայն որի՝ միջուկային զենքի ստեղծումն արգելված է։