Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային ցավալի է անվանել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ/МАГАТЭ) և դրա ղեկավար Ռաֆայել Գրոսիի անգործությունը, որոնք այդպես էլ չդատապարտեցին Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումները։

«ԱՄՆ-ի և [իսրայելական] ռեժիմի կողմից միջուկային օբյեկտների դեմ ձեռնարկված գործողությունները հանցագործություն են։ Համաձայն ԱԷՄԳ կանոնադրության՝ այդ գործողությունները հանցավոր են, և առավել ցավալի է ԱԷՄԳ-ի ու Գրոսիի անտարբերությունը։ Հերթական անգամ ընտրվել է շատ սխալ դիրքորոշում, և ագրեսորներին դատապարտելու փոխարեն՝ իր հարցազրույցներում նա օգտագործում է արտահայտություններ, որոնք միայն բարդացնում են ամեն ինչ»,- ճեպազրույցի ժամանակ ասել է դիվանագետը։

Ըստ Բաղայիի՝ «նման պայմաններում առաջին բանը, որ պետք է անի ԱԷՄԳ-ն, ագրեսիան դատապարտելն է, ինչը մենք չտեսանք»։