Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները շարունակվում են՝ սրելով լարվածությունը տարածաշրջանում և առաջացնելով մտահոգություն միջազգային հանրության շրջանում: Երկու կողմերի կողմից ռազմական հարվածներն ու պատասխան գործողությունները շարունակում են ազդել ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլև համաշխարհային տնտեսական իրավիճակի վրա:
NEWS.am-ը ներկայացնում է երեքշաբթի երեկոյան Մերձավոր Արևելքում տեղի ունեցած հիմնական իրադարձությունների համառոտ ակնարկ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր խորհրդականներին տեղեկացրել է Իրանի դեմ ամերիկյան ռազմական գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին, նույնիսկ եթե Հորմուզի նեղուցով անցումը մեծ մասամբ փակ մնա նավագնացության համար: Այս մասին հայտնել է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով աղբյուրներին:
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) զեկույցի համաձայն՝ Մերձավոր Արևելքում հակամարտությունը մշուշոտում է այն երկրների տնտեսական հեռանկարները, որոնք ցույց են տվել նախորդ ճգնաժամերից կայուն վերականգնման նշաններ:
Ցամաքային գործողության դեպքում Իրանը կորոշի ամերիկյան զորքերի ճակատագիրը: Այս մասին հայտարարել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը: «Թրամփը կարող է որոշել իր զորքերը ուղարկել Խարգ կղզի։ Սակայն այդ դեպքում նրանց վերադարձի վերաբերյալ որոշումը կկայացնի ոչ թե նա, այլ իրանական կողմը», - նշել է Արեֆը։
Պենտագոնը Մեծ Բրիտանիայի Լեյքենհիթ ռազմաօդային բազա է տեղակայել 12 A-10 Thunderbolt II գրոհային ինքնաթիռներից բաղկացած էսկադրիլիա՝ Մերձավոր Արևելքում հետագա տեղակայման համար, ըստ Ռազմական օդային հետևման դաշինքի (MATA): Մերձավոր Արևելքում դրանց առաջիկա տեղակայման ճշգրիտ վայրը դեռևս անհայտ է։ Դրանց ժամանմամբ ԱՄՆ-ն կկրկնապատկի այս մարտական ինքնաթիռների քանակը տարածաշրջանում։





























