ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ինքը «դեռ լիովին պատրաստ չէ» դուրս բերել ամերիկյան զորքերը Հորմուզի նեղուցը վերաբացման ջանքերի շրջանակում։
«Ինչ-որ պահի ես դա կանեմ, սակայն առայժմ դեռ ոչ։ Այլ երկրներ էլ պետք է միջամտեն։ Իրանը պարտված է, բայց նրանք պետք է միջամտեն և կատարեն իրենց աշխատանքը»,- ասել է Թրամփը։
Նա ասել է, որ Հորմուզի նեղուցում «իրական սպառնալիք» չկա։
«ՆԱՏՕ-ն սարսափելի է, և նրանք բոլորը սարսափելի են։ Նրանք չցանկացան օգնել։ Եթե նրանց նավթ է պետք, թող գան և վերցնեն։ Իրական սպառնալիք չկա, էական սպառնալիք չկա, քանի որ երկիրը [Իրանը] պարտված է»,- ասել է նա։
Երբ նրան հարցրել են, թե երբ կարող է ավարտվել ԱՄՆ ռազմական գործողությունը, Թրամփը պատասխանել է. «Դա շուտով տեղի է ունենալու։ Մենք ժամանակացույցից երկու շաբաթ առաջ ենք ընկել»։
Երբ պատերազմը սկսվեց, ԱՄՆ նախագահտ հայտարարեց, որ այն «4-6 շաբաթ» կտևի, իսկ հիմա պատերազմն արդեն թևակոխել է հինգերորդ շաբաթը։





























