Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրատանը, փետրվարի 18-ին, Գարեգին Բ-ի եւ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի մասնակցությամբ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում` նվիրված «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկային:

Հանդիպմանը ներկա են եղել հոգեւորականներ, կրթական գերատեսչության, կրթական հարցերով զբաղվող պետական կառույցների, դպրոցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Անդրադառնալով դպրոցներում այդ առարկայի դասավանդմանը, Գարեգին Բ-ն ասել է. «Դպրոցից սկսվելով` հավատքի գրագիտությունը պիտի դառնա մեր կյանքի անբաժանելի մասը` զորացնելով մեր հայ-քրիստոնյա ինքնությունը, հաստատելով մեր ժողովրդին հոգեւոր-բարոյական արժեքների ու հայրենական ավանդների մեջ:

Համաշխարհայնացման եւ գիտատեխնիկական ձեռքբերումների արդի ժամանակներում մեր նվիրական պարտականությունն է կրթության զարգացման ընթացքներում հայոց բազմադարյա հոգեւոր եւ մշակութային ավանդների պահպանումն ու սերնդեսերունդ փոխանցումը»:

Քննարկման մասնակիցներին ողջունել է նաեւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ասելով. «Եկեղեցու հետ համագործակցությունը թույլ է տալիս մեզ, մեր երեխաներին ներմուծել բարոյականություն, բարոյագիտություն եւ արժեքներ, թույլ է տալիս մեր աշակերտներին կոփել որպես հայեր եւ թույլ է տալիս առաջին անգամ իրենց համար թակել հոգեւոր իմաստության դռները»: